Արևելքի պատմությանը, նրանք ձեզ կասեն՝ էդպես է եղել միշտ, սարսափ ու կոտորած, սարսափ ու կոտորած… իսկ վերջին դարերում սարսափի, կոտորածի հետ միաժամանակ կկարդաք․ «ս. պատրիարքը գնաց մեծ եպարքոսի մոտ, նրան հավաստիացրին, որ արդեն կարգադրություն է եղածբ խաղաղությունը վերականգնելու և չարագործներին պատժելու, կամ թե չէ՝ պատրիարքը հրաժարական տվեց…» և դարձյալ սարսափ ու կոտորած, սարսափ ու կոտորած…
Վերցնենք մեր պատմությունից ժամանակի մի որոշ տարածություն։ Ահա ձեզ 1912 տարի։
1912 տարի է մի անհավասար կռվի մեջ, միսն ատամն առած, մաքառում ու տանջվում է էս ժողովուրդը, կոտորվում ու փչանում է էս ժողովուրդը։
1912 տարի է Արևելքի բոլոր հզորներն ու բարբարոսները արյունով ու արտասուքով հեղեղում ու ողողում են էս երկիրը։ 1912 տարի է սարսափ ու կոտորած, ջարդ ու գաղթ հետևում են իրար անընդհատ։
Էս ամենը դարերով տեսնող ու տանող ժողովուրդը անշուշտ մի իմաստություն պիտի հաներ ու սովորեր էսքան դառը փորձերից ու փորձանքներից, մի քաղաքականություն պիտի ստեղծեր ու մշակեր իր համար էս դժոխք աշխարհքում։
Եվ հայ ժողովուրդը ստեղծեց ու մշակեց իր համար գլխապահության, ինքնապաշտպանության քաղաքականությունը։ Բայց լավ փորձելով ու տեսնելով, որ անկարող է միայն ինքնապաշտպանությամբ իր գլուխը պահել, միշտ աշխատել է միաժամանակ ունենալ մի հզոր դաշնակից կամ ավելի ճշմարիտը՝ հովանավոր Արևմուտքի քրիստոնյա պետություններից, որովհետև նրան անդադար հոշոտում ու ծվատում էին ոչ թե միայն վաչկատուն ցեղերն ու ժողովուրդները Արևելքի, այլև հենց էն պետությունները՝ զրադաշտական թե իսլամ, որոնց հավատարիմ հպատակն ու հարկատուն էր նա։
Եվ 1912 տարի շարունակ իր երկրի մերթ էս, մերթ մյուս կողմերում ինքնապաշտպանություն կազմակերպելով ու դիմագրավելով օրհասական տագնապների մեջ, նա՝ հայ ժողովուրդը, երկար դարերով անդադար օգնություն ու պաշտպանություն