կամ անձնուրացության հօգուտ ժողովրդի․ չեն հավատում, որ աշխարհքում կարող է այդպիսի բան լինել։ Այնպես որ նրանց համար մին է, ով լինում է լինի, մի բան որ, միևնույն բանը պետք է անի—ավելի լավ է, որ իրան բարեկամը լինի։
Փորձերով կազմած այս համոզմունքը շատ անարդարություններ և սխալներ է անել տալիս, մանավանդ այժմ, երբ հաճախ քահանայացու ախոյանների բարոյական ուժերը շատ են իրարից տարբեր լինում։
«Քահանան թե տգետ ըլի, թե ուսումնական, երկուսն էլ պետք է թաղեն, կնունք անեն, ժամ ասեն… ավել խո բան չեն անելու։ Երկուսի թաղածն էլ թաղած ա, ուսումնականը խո խորը չի թաղում, տգետն՝ երես, կամ ուսումնականը խո մեռոն չի քսում, տգետը՝ ձեթ…»։
Այսպիսի դատողությամբ քանդում է ուսումնական և տգետ քահանայի միջի պատը և երկուսին էլ դնում մի տախտակի վրա։
Բայց այդ նույն գյուղացին քո առջև փիլիսոփայություններ կանի, տեսականապես կպաշտպանի ուսումնական քահանայի խնդիրը, քանի որ գործ չկա. հենց գործին եկավ թե չէ, կբարձրացնի յուր ահագին աղմուկը հիմար պատճառաբանություններով։ Այն ժամանակ գլուխ պետք է լինի, որ նրան բան հասկացնի։
Ա. գյուղացի պ. Վ-յանցը, Ներսիսյան դպրոցն ավարտած և առանձնապես զարգացած մի պարոն, ուզում է քահանա դառնալ յուր հայրենի գյուղում, որ ընդամենը 55 տուն է։ Այստեղ հացի, սեփական կաշվի ապահովության խնդիրն արհամարհված է մինչև անգամ և բոլորովին ուրիշ ցանկություններ են առաջնորդում պարոնին, բայց դուք տեսեք, թե ինչ ժայռեր կան այդ վարդագույն ցանկությունների առաջին։
Գյուղի մի մասը երդված հակառակորդ է կանգնել երիտասարդին և նրա դեմ դուրս է բերել յուր ծերունի քահանայի որդուն―մի կատարյալ տգետ մարդ, մի իսկական հովիվ―իրանցից մեկը։
Բողոքել են սինոդին պ. Տ. Վ.-ի դեմ, նրա խնդիրն անվանել կեղծ, արաղով գլուխ բերած, իրան անբարոյական և այլ