է աղերսել քրիստոնյա Արևմուտքից, և էդքան դարերի ընթացքում միայն երկու անգամ է պատահել, միմիայն երկու անգամ, որ նա Արևմուտքից գտել է օգնություն և ուժեղ հովանավոր։
Առաջինը եղել է արևելյան հռովմեական կայսրությունից՝ Բյուզանդիայից, երկրորդը՝ ռուսական կայսրությունից։
Հայոց պատմությունը հոյակապ է նկարագրում էն տեսարանը, երբ Ձիրավի մեծ դաշտում մի կողմը պարսկական թշնամի զորքն էր ծփում «իբրև ծովն իմն ահեղ», իսկ նրա դեմ Հայաստանին օգնության եկած բյուզանդական բանակն էր կանգնած էր խաչանիշ դրոշակով «իբրև լեառն ադամանդեայ»։ Եվ մինչդեռ Արևելքի ու Արևմուտքի էս ահագին զորություններն իրար եկած վճռում էին հայ ժողովրդի ճակատագիրը՝ վերև, Նպատի նվիրական բարձունքին հայոց մեծ Ներսեսը գոչում էր առ Տէր՝ բազկատարած հայցմամբ խնդրելով ի նմանէ «հայիլ ի խաչակիր դրօշակ իւրոյ ժողովրդեան», որի աշխարհքը դարձել էր «սպանդարան մարտիրոսաց»։
Թերևս ավելի սրտառուչ է, երբ շատ դարերից հետո Էջմիածնին օգնության շտապող ռուսաց բատալիոնները Կրասովսկու առաջնորդությամբ Ապարանի լեռներից Պարսկաստանի գահաժառանգ Աբբաս Միրզայի տասնապատիկ ավելի ուժեղ բանակի կրակի միջով ձգվում էին դեպի հայոց մայր Աթոռը, և մինչդեռ ամբողջ օրը Արարատյան դաշտում, Օշականի ձորում, Մեսրոպ Մաշտոցի գերեզմանի շուրջը որոտում էր պատերազմը, մի ուրիշ մեծ Ներսես սեղան էր հանել Հայաստանի սրբությունները և Լուսավորչի գերեզմանի առջև տարածված ամբողջ միաբանությամբ առ աստված էր աղաղակում պատերազմի ելքի և պարսկական դժոքխի մեջ այրվող իր ժողովրդի փրկության համար։ Եվ աչքերը հանած, լեզուները կամ ոտներն ու ձեռները կտրատած հայ մարդիկ, մայր տաճարի զանգակների տխուր ղողանջյունի վրա, սողում էին Էջմիածին կամ դեպի քրիստոնյա բանակը։
Եվ զուր չի էդ հողի վրա հայոց եկեղեցին արձան կանգնեցրել հայ ժողովրդի ապագա սերունդներին ի գիտություն։
Այո՛, էդ ամենը պետք է իմանան ապագա սերունդները։