ժողովուրդն ամեն տեղ, ինչպես էր աղոթում, լալիս ուրախությունից, թե նույնիսկ էն երեխան էլ, որ նոր էր սկսել թոթովել, իրենց տեսնելիս ինչպես էր կանչում «Здраствуй, здраствуй…»
Իսկ մյուս կողմից ռուս օֆիցերներն են գանգատվում, թե հայերին օգնության գնալիս անկարելի է կարգ պահպանել զորքի մեջ, զինվորական շարքերում, որովհետև ամեն մի զինվոր առաջ է նետվում ավելի շուտ օգնության հասնելու համար և խանգարում են կարգը։ Անկարելի է լինում կարգ պահպանել։
Էսպես. էն լացախառն ու աղոթախառն «Здраствуй»-ն, որով ողջունում էր բազմատանջ հայ ժողովուրդը ռուսական ազատարար բանակին, հենց էնպես աղոթքով ու արտասուքով էլ արձանագրվեց ու հավերժացավ «Վերք Հայաստանիի» մեջ, ինչպես էն ’ի խորոց սրտի խոսքերից մինը, որ երբևիցե արտասանել է հայ ժողովուրդը աշխարհքի առաջ, և իր մշտական տառապանքի մեջ էլ միայն էն ժամանակ է մի իրական օգնություն տեսել, երբ հնչել է եղբայրական հուժկու «Не бойтесь»-ը հանուն արդարության, հանուն քաղաքակրթության։
Մենք հավատում ենք, որ այժմ էլ, երբ վառվում է Անատոլիայի անմար դժոխքը, չի մարած ռուս մարդու լայն սրտի մեջ էդ ազնիվ ու վեհ զգացմունքը, որով նա պետք է պարծենա աշխարհքի առաջ։ Մենք հավատում ենք, որ այժմ էլ, երբ միլիոնավոր մարդիկ կոտորածի առաջ սարսափահար կարեկցություն ու պաշտպանություն են աղերսում, ռուսական մեծ պետությունը չի հրաժարվել Արևելքի մորթվող ժողովուրդներին պաշտպանելու սրբազան ավանդություններից և, հիմնվելով միջազգային դաշնագրերով իր ունեցած իրավունքների ու պարտավորությունների վրա, կարտասանի իր հսկայական «Не бойтесь»-ը։ Մենք կյանքի փորձով գիտենք ու հավատում ենք էդ մեծ ուժին ու կենդանի զգացմունքին և հավատում ենք, որ նա վերջ կդնի հայ ժողովրդի էս անվերջ կոտորածին, վայրենի ժողովուրդների անվերջ բարբարոսությանը, քաղաքակիրթ աշխարհքի էս անվերջ խայտառակությանը։