Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/373

Այս էջը հաստատված է



ՀԵՏԱՁԳԵԼ ԵՎ ՄԻԱՍԻՆ ՏՈՆԵԼ

Էջմիածինը շրջաբերական կարգադրություն է արել՝ հայկական տպագրության 400-ամյակը և հայոց տառերի գյուտի 1500-ամյակը տոնել հոկտեմբերի 13-ին։

Այժմ հարց է առաջ եկել, պետք է ամեն տեղ Էջմիածնի հետ միաժամանակ տոնել, թե՞ զանազան տեղեր զանազան ժամանակ։ Եվ զանազան ժամանակ ասելով, առ այժմ գոնե, հասկանում են մի ամիս տարբերություն՝ նոյեմբերին, ինչպես որոշել է Թիֆլիսի հանձնաժողովը։

Արդ, ի՞նչ է լինելու օգուտը, եթե կաթողիկոսը ետ վերցնի իր կարգադրությունը և մի ամսից հետո տոնենք կամ թե չէ տոնենք ջոկ-ջոկ։ Ի՞նչ է կատարվելու էդ մի ամսվա ընթացքում, եթե էսքան ամիսների ընթացքում ոչինչ չի կատարվել։ Ոչինչ, միանգամայն ոչինչ։

Հիրավի, երբ դեռ ժամանակ կար, կարելի էր, որ քաղաքներն ու հանձնաժողովները հարաբերության մեջ մտնեին, կարծիքներ ու առաջարկություններ փոխանակեին, մի եզրակացության գային, ծրագիր մշակեին, բայց էդ չի արված։ Մի ժամանակ լիներ որոշված ընդհանուրի համաձայնությամբ ու ընդհանուրի համար և մի նպատակ, այնուհետև ամեն տեղ կարող էին ունենալ և իրենց առանձին պայմաններն ու խնդիրները։ Չի արված էն, ինչ որ պետք է արվեր, այսինքն միասին տոնել մի համազգային տոն, այժմ ուզում են անել էն, ինչ որ չպետք է անել, անջատ-անջատ, էստեղ էնտեղ, զանազան ժամանակներ ջգրու հանդեսներ սարքել։ Ապարդյուն ու տգեղ։

Միակ ելքն է հետաձգել մի վեց ամսով կամ մի տարով, էդ ժամանակի ընթացքում լուրջ պատրաստություն տեսնել և տոնը կատարել վայելուչ շքեղությամբ ու իմաստուն կերպով ամեն տեղ միաժամանակ ու միասին։

Ղ. ԱՂԱՅԱՆԻ «ԱՆԱՀԻՏԸ»

Մի քանի տարի սրանից առաջ պ. Լևոն Մանվելյանը հայոց նոր գրականության վրա խոսելիս մի նկատողություն