Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/376

Այս էջը հաստատված է

կգա կոտորածի առաջ կարեկցություն ու պաշտպանություն աղերսող հայ ժողովրդին։

Էսպես գիտեմ ես մեր արյունոտ պատմությունից, էսպես է ասում ինձ Փոքր Ասիայի ու Կովկասի զարհուրելի տարեգրությունը, էսպես է խոսում ինձ հետ հայոց գրականությունն ու իրականությունը, էսպես է թելադրում ինձ իմ հասկացողությունն ու խիղճը։

Արդ, «Հովիտ» շաբաթաթերթի 38 №-ում, պ. Գ. Ենգիբարյանը, ինձ «մեր սիրելի բանաստեղծն» անվանելով հանդերձ, էնպես է դուրս բերում, իբրև թե ես տաճկահայերին ապստամբության եմ դրդել իմ հոդվածում, կասկածի է ենթարկում իմ անկեղծությունը ու շատ է նեղանում, որ ես էս տեսակ մտքեր ու դատողություններ եմ արտահայտում։

Այո՛, սխալ, և շատ սխալ կարող են լինել իմ մտքերը, ինչպես կարող են սխալ լինել և իրեն, պ. Ենգիբարյանի մտքերը, բայց ո՞րտեղ է տաճկահայերի ապստամբության ակնարկն իմ հոդվածում, և կամ ի՞նչն իրավունք տվեց «Հովիտի» աշխատակցին անկեղծության ու ստի խոսք հարուցանելու։

Մի՞թե էդպես են խոսում «սիրելի բանաստեղծների» հետ…

Հիրավի, էս ի՞նչ այլանդակ սովորություն է մեր աշխարհքում․ մարդկանց դեմ խոսելիս, պարզ ասածը խեղաթյուրել, ստեր փաթաթել դիմացինի վիզը, ապա մի անգամ փաթաթած զրպարտությունը զարգացնելով հակառակորդին դուրս բերել ոչ թե էնպես, ինչպես որ կա, այլ էնպես, ինչպես որ իրենք են ուզում։

Եվ էս տգեղ սովորությունը վերջին տարիներս մեր կյանքում իրեն շատ հարմար մի նյութ է գտել— հեղափոխությունն ու ապստամբությունը։

Տարիներից ի վեր մենք լսում ենք հայ մարդկանցից, կարդում ենք հայոց մամուլի մեջ, հենց «Հովիտի» վերև հիշած №-ում էլ նույն բանն են գոռում, թե տաճկահայերի կոտորածները հայկական ապստամբության արդյունք են։

Օտարները աղաղակում են, Տաճկաստանում պաշտոնավարող եվրոպացիք ապացուցանում են, որ էդպես բան չի եղել ու չկա, որ հայկական ապստամբությունն առասպել է,