Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/377

Այս էջը հաստատված է

սուտ է, «…армянское восстание — миф» (Ролен Жермен, член Института международного права. «Армения, армяне и трактаты», стр. 153), որ էդ մեղադրանքը ոչ մի քննադատության չի դիմանում ― Обвинение, будто бы армяне были зачинщиками возбуждения, не выдерживает критики (Мак Коль, «Султан и Державы», стр. 263, телеграмма британского посланника в Константинополе к Лорду Солсбёри от 13 дек. 1895 г.)։ Նրանք ցույց են տալի, որ էդ կոտորածները սարքովի են, եղել են միշտ, և միտք ունին, որ հայ ժողովուրդը ջնջեն, հայկական հարցը ջնջեն, եթե ջնջել չկարողանան, գոնե թիվը կրճատեն, որ միանգամ ընդմիշտ զրկվի ու ընկնի հարց դառնալու իրավունքից ու կարողությունից։ Նրանք հրատարակում են, թե կոտորածներից հետո մեծ վեզիրը սուլթանին հայտագիր ներկայացրեց Հայաստանի դրության մասին, նրան հավաստիացրեց, որ էլ չանհանգստանա հայկական ռեֆորմների ծրագրի պատճառով, որովհետև այժմյանից արդեն ամեն տեղ մահմեդական տարրը մեծամասնություն է կազմում (Там же, стр. 264. Депеша итальянского посланника в Константинополе итальянскому министру иностр. дел)։ Վերջապես, հինգ տերություն միասին վեր են կենում, քննություն են կատարում ու հայտարարում, թե ամեն մի բողոք անիրավության դեմ, ինչքան էլ նա սուր բնավորություն ունենա — ապստամբություն չի, թե հայկական ապստամբություն չի եղել ու չկա… Էդ միևնույն է, սրանք իրենցն են շարունակելու։

Եվ ահա ես էլ էսօր ստիպված եմ հերքելու, թե իմ հոդվածում ապստամբության չեմ գրգռում թուրքահայերին, այլ ասում եմ կոտորվում են, տանջվում են, և Ռուսաստանը կօգնի էդ կարեկցություն ու պաշտպանություն աղերսող ժողովրդին։

Ես, իմ աշխարահայացքով, հայոց թագավորության կարոտով մաշվողը չեմ։ Ինձ համար լիուլի հերիք է հայ ժողովրդի կուլտուրական ազատությունը կուլտուրական ժողովուրդների եղբայրության մեջ։