Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/38

Այս էջը հաստատված է

հազար ու մի անասելի և անպատմելի վատ հատկությունների տեր, որ իրանց քաջ հայտնի է, և որը կապացուցանեն երդումով։

Այս գործը ձգձգվել է տարիներով, մինչև սինոդը քննություն է նշանակել։

Հիմա քննիչը նստած, այդ բողոքարկուներին հրավիրում է երդվելու և հաստատելու իրանց խոսքերը։

«Մենք օրթում չենք ուտիլ, աղաղակում են գյուղացիք, էն ա մի անգամ ինչ որ գրել ենք, հլե էն ա… գրել ենք, որ դա լավ մարդ չի, դրան ուզում չենք, էլ ինչ եք եկել հարց ու փորձ անում…

— Խի՞ (ընչի) չեք ուզում,— հարցնում է քննիչը։

— Խի պտի…

— Պատճառն ի՞նչ ա։

— Պատճառն էն ա, որ ուզում չենք։

— Էս ձեր խոսքերն են, ինչ որ գրել եք թղթում։

— Հա, հլե մեր խոսքերն են…։

— Դե եկեք, երդումով հաստատեցեք, եթե ձեր խոսքերը ճշմարիտ են։

― Մենք օրթում չենք ուտիլ, հլե ինչ որ գրել ենք էն ա…։

Տանուտերի օգնությամբ վերջապես քննիչը երդվեցնում է կամակոր գյուղացիներին․ այստեղ արդեն երգերը փոխեցին, տես ինչ են ասում.

— Դու ինչո՞ւ չես Տ. Վ.-ին ուզում,— հարցնում է քննիչը մեկին։

— Ես նրա համար չեմ ուզում, որ դա տարեկան ութ հազար մանեթ փող ա ստանում, մեր եկեղեցուն ինչի չի մի նվեր տալիս, թե լավ մարթ ա։

— Ութ հազար չի լինիլ, գուցե ութ հարյուր է[1],— հարցնում է քննիչը։

— Չէ՛, ես գիտեմ—ութ հազար։

— Ա՞յդ է քո պատճառը։

  1. Պ<արոն> Տ. Վ.-ն մի տարի յուր կնոջ հետ ուսուցչություն է արել Ալեքսանդրապոլ, 800 մանեթով։