Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/380

Այս էջը հաստատված է

եղել եմ միշտ ռուսաց պետական մարդկանց հետ, հաստատ համոզված լինելով, որ էդ պետությունն է միայն մեր երկրում եղած կարգը հաստատողն ու պահպանողը, որ նրա բացակայությունը Կովկասից կվերադարձնի էն դժոխքը, որի մեջ դարերով էրվել են բոլոր ազգերն ու ցեղերը հավասար․ էն դժոխքը, որ տեսել ենք անցյալում և որ տեսանք մեր օրերում, մեր աչքով ռուս պետության ժամանակավոր խառնակության ու թողության օրերում։

Տրամաբանորեն էս հայացքից ու համոզմունքից էլ առաջ գալով ես «Հորիզոնում» տպած իմ հոդվածը գրել եմ ամենայն հետևողականությամբ ու անկեղծությամբ։

Բայց շարունակենք։

Շատ սառն ու օբյեկտիվ հարցրել եմ կյանքին ու պատմությանը, թե ինչո՞ւ էր տաճկական պետությունը կոտորում հայերին և ինչո՞ւ է կոտորում։ Ինչո՞ւ է Ռուսաստանը պաշտպանել հայերին և ինչո՞ւ պետք է պաշտպանի։

Չէ՞ մարդիկ կան, որ կարծում են, թե Աբդյուլ Համիդը կոտորում էր հայերին, որովհետև արյունռուշտ մի բռնակալ էր և սիրում էր կոտորել… Տաճկահայերն էլ մի երգ ունեն, ասում է՝ մկները քրդերի արտերը կերան, քրդերը որ տեսան մկներին չեն կարողանում հաղթել՝ ետ դառան հայերին կոտորեցին…

Այո՛, աշխարհքին հայտնի մի պարզ ճշմարտություն է, որ Տաճկաստանում կոտորում են հայերին։ Բայց պետք է գտնել սրա ետևը թաքնված մյուս ճշմարտությունը — պատճառը, որը կարող է շատ բարդ լինել։

Ինչո՞ւ է Տաճկաստանը, Համիդյան թե ժյոն թուրքական, բռնապետական թե սահմանադրական, հալածում ու կոտորում հայերին և թույլ տալիս կոտորելու նույնիսկ մկների ջգրու, ինչպես ասում է ժողովրդական երգը։

Էս մի հարցին մի քանի պատասխան են տալի։ Ասում են՝ որովհետև հայերը քրիստոնյա են… որովհետև տնտեսական խնդիր կա… որովհետև հեղափոխականներ կան… որովհետև վրեժ կա… որովհետև անկարգ կառավարություն է, խավար է…

Էդ ամեն որովհետևներն էլ կարող են լինել և կան, սակայն