Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/382

Այս էջը հաստատված է

Էսպեսով էլ ստեղծվել է մի դրություն, որ նշանավոր գիտնական Էլիզե Ռեկլյուին տրամադրում է լուրջ կերպով կարծիք հայտնելու, թե հայ ժողովուրդը ոչնչանալու ճանապարհի վրա է, և շատ չի քաշիլ որ, Արևելքի մի քանի անհետացած կուլտուրական ազգերի նման, նա էլ կիջնի պատմության ասպարեզից։

Մի դրություն, որ մանավանդ երբ տեսնում եք չի փոխվում, և որի վրա ձեր հիշողության մեջ երբ գալիս ավելանում են հենց միայն վերջին դարիս նախճիրները՝ 1822 թվի հույների կոտորածը, 1850 թվի նեստորականների կոտորածը, 1860 թվի մարոնիտների ու սիրիացիների կոտորածը, 1876 թվի բուլղարների կոտորածը, 1892 թվի եզիդների կոտորածը, կարծեք արդարացնում է Գլադստոնի կարծիքը, թե էն սև օրվանից ինչ հայտնվեց էդ ժողովուրդը, հայտնվեց ինչպես մարդկության թշնամի։ Որ կողմը հայտնվեց, իր ետևից թողեց արյան լայն հետք, և ուր մտավ նրա իշխանությունը, ամեն տեղից չքացավ քաղաքակրթությունը, անհետացավ միանգամայն։ Ամեն տեղ մտցրեց կոպիտ ուժի իշխանությունը և երբեք չհասկացավ ու չունեցավ օրենքի վրա հիմնած կառավարություն…

Վերջապես, մի դրություն, որ կարծեք ուզում է հաստատել էդ ժողովրդի զարհուրելի ասածի ճշմարտությունը, թե՝ որտեղ թուրքի ձիու ոտը կոխեց, էնտեղ էլ խոտ չպիտի բուսնի (сб. Шинаси)։

Էս պատճառով էլ Ֆր. Գրինն ասում է. «Երբ Տաճկաստանից Կովկաս ես անցկենում, էդ միևնույն է, թե անապատից պարտեզ ես մտնում, անապահովությունից կատարյալ ապահովության էս անցնում, կարիքից ու ցավից լիության ու բարեկեցության մեջ ես ընկնում («Положение армян в Турции», 268)։ Այո՛, միանգամայն ուրիշ պատկեր է Ռուսաստանում։ Դրա համար էլ բոլորովին ուրիշ հարաբերություններ են եղել էստեղ և ուրիշ հարաբերություններ էլ պետք է լինեն։ Էդ պատճառով էլ մենք Ռուսաստանի համար ոչ այլ ինչ ենք, եթե ոչ ավանգարդ, ինչպես ասում են սովորաբար։ Եվ հավատարիմ ավանգարդ, որովհետև էստեղ կոտորածներից ազատվել ենք, թվով բազմապատկվել ենք,