Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/384

Այս էջը հաստատված է

իր շահերը։ Ես դրան կպատասխանեմ… — Ավելի լավ, որ հզոր Ռուսաստանի ու հայ ժողովրդի շահերը բռնում են իրար։ Հենց դրա մեջն է կայանում հայ ժողովրդի օգնությունը, և դրանով է նա հաստատ։

Ահա թե ինչու և ինչպես իմ հույսերն ու համակրանքը կապվում են Ռուսաստանի հետ։

ԳՈՐԾԻ ԱՍՊԱՐԵԶԸ

Ասում են՝ փչացավ հայկական տառերի գյուտի ու տպագրության մեծ տոնը։ Փչացավ թե չէ, էդ մասին հետո կխոսենք, բայց գլխավորը՝ էսօր, մեծ տոնի առիթով, հայ ժողովրդի առջև արդեն կանգնած են երկու մեծ գործ՝ Հայոց կրթական ֆոնդն ու Հայոց գրական ընկերությունը իր գրական ֆոնդով։

Այո՛, տոնի առիթով, բայց տոնական զգեստ չեն սրանք, որ տոնի օրը հագնենք ու տոնն անցնելուց հետո հանենք մեր հագից։ Ո՛չ, դրանք գալիս են շատ ապրելու, շատ ապրեցնելու և շատ լուսավոր ու անմահ գործեր առաջ բերելու վեհ ու վսեմ նպատակով։

Դրանց կարիքը վաղուց է զգացված մեր կյանքում, վաղուց են սպասում դրանց, ու շատերն են գերեզման իջել՝ զուր սպասելով հարազատ ժողովրդի ընղհանուր պաշտպանությանը, լույսի ու խավարի ծանր ու սրբազան կռվի մեջ։

Մեզանից մեծ ու հառաջադեմ ազգերի մեջ էլ դպրոցն ու գրականությունը կարոտում են արտաքին օգնության և վայելում են ազգերի ու պետությունների խնամքը, որքա՜ն ավելի ևս անհրաժեշտ պետք է լինի էդ խնամքն ու հոգացողությունը մեզանում։

Եվ շարունակ խոսել, շարունակ գրել, բացատրել ու շեշտել են մեզանում դպրոցի ու գրականության նշանակությունը։ Շարունակ ցույց են տվել, գանգատվել ու հառաչել դպրոցի ու գրականության, ուսուցչի ու գրական գործչի տագնապալի վիճակի վրա։ Շարունակ երազել, ցանկացել ու