Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/392

Այս էջը հաստատված է

ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉԿԱ

Պ<արոն> Տիգրան Նազարյանը «Մշակում» նկատողություն էր արել մեր հայտնի մանկավարժ Սեդրակ Մանդինյանին, թե ինչո՞ւ է նա անդամագրվել Հայոց գրական ընկերությանը, երբ իր, այսինքն Մանդինյանի անդամակցությունը «չի թախանձվել», չեն հրավիրել։ Պ<արոն> Մանդինյանը «Մշակի» № 265-ում, իրեն արած նկատողությանը պատասխանելով, հարցը դնում է զգացմունքի և մայրենի գրականության սիրո հողի վրա և զարմանք է հայտնում, թե ինչո՞ւ պետք է սպասեր, որ ուրիշները իրեն հրավիրեին էսքան ցանկալի մի ընկերության անդամագրվելու և ինչո՞ւ իրեն-իրեն չպետք է անդամագրվեր։ Էս բացատրությունը անշուշտ պատիվ է բերում մեր վաստակավոր մանկավարժին, բայց, այսուամենայնիվ, գլխավորը մնում է։ Պ<արոն> Մանդինյանը կարող էր հարցնել՝ բայց ո՞վ պետք է հրավիրեր կամ ո՞վ իրավունք ուներ հրավիրելու, երբ մեջտեղը ոչ հարսանիք կա, ոչ հոբելյանական հանդես, ոչ ազգային խնջույք, այլ պետական օրենքով հաստատված որոշ կանոնադրությունով մի ընկերություն, որին անդամ գրվելու համար պետք է ենթարկվեր գաղտնի քվեարկության, իսկ որտեղ կա գաղտնի քվեարկություն, էնտեղ կա ընտրության հետ միասին և չընտրվելու վտանգը կամ սև քվեներ ստանալու անախորժ դեպքը։ Էս տեսակ հանգամանքներում մի՞թե հրավիրում են մարդկանց որևէ աշխարհքում, և, վերջապես ո՞ւմ են հրավիրել մեզանում։

Ոչ ոքի։

Եվ անկարելի է հրավիրել։ Ո՛չ օրինական, ո՛չ բարոյական ոչ մի իրավունք չկա հրավեր ղրկելու ումևիցե և ասելու թե՝ «մեծապատիվ տիկին կամ պարոն այսինչ։ Աչքի առաջ ունենալով այն մեծ ծառայությունը, որ դուք արել եք հայոց կյանքում գրականության, գիտության կամ մամուլի ասպարեզում, Կ<ովկասի> հայոց գրական ընկերության վարչությունը խոնարհաբար խնդրում է ձեզ բարեհաճել վճարել տարեկան 5 ռուբլի և շնորհ բերել ձեզ ենթարկելու