Ասում է՝ «դալկացած, գունատ էր այդ ուրվականը։ Նա ինձ երևաց ձմռան բուք ու բորանին, անապատացած սրտերով մարդկանց մեջ, մաշված, հնացած ամառային վերարկուի մեջ ծալված, կանացի շալով վիզը փաթաթած» («Կովկասի լրաբեր» № 38)։
Նրա վերարկուն անվանում է «չքավորության դրոշակ», և ահա Արասխանյանի ուրվականը այդ չքավորության դրոշակը ծածանելով սավառնում է Հայոց գրական ընկ<երության> ընդհանուր ժողովի դահլիճում։
Հիրավի, Արասխանյանը լուրջ գիտության տեր մի մարդ էր, և գիտության տեր մարդիկ տակավին չեն կարողանում հեշտ տեղ ու գործ ունենալ մեր կյանքում, և որ էդպես է, շատ ցավալի է։ Եվ ոչ միայն գիտնականները, առհասարակ ամեն կոչման տեր գործիչներ մեր կյանքում չեն կարողանում գտնել իրենց տեղն ու հարմարությունները և անել էն, ինչ որ կարող էին անել, և նրանցից ամեն մինն Արասխանյան է ավելի կամ պակաս չափով։ Բայց էս ամենը իրավունք չեն տալիս վիրավորելու նրանց հիշատակն ու կենդանի մնացածների զգացմունքները էդքան տգեղ, էդքան զզվելի պատմություններով ու վայնասուններով։
Արասխանյանը ո՛չ իր բնավորությամբ, ո՛չ իր վիճակով՝ ձեր ասած մարդը չի եղել։ Մի՛ հայտարարեք նրան «անօրինակ թշվառ» ու մի՛ անվանեք մարդու վերարկուն «չքավորության դրոշակ»։ Նա եթե նեղություն է ունեցել, ինքն է իմացել և տարել է անմռունչ, էդ տեսակ ողբերի իրավունք չի տվել ձեզ։
Եվ եթե պ. Գենջյանը զարմանքով նկատում է, թե երբ Արասխանյանի «անօրինակ թշվառ» ուրվականը սավառնում էր Հայոց գրական ընկ<երության> ընդհանուր ժողովում, բոլորը զգացվեցին, միայն ընկերության նախագահ բանաստեղծ Թումանյանը չզգացվեց, ես նրան ավելի զարմացնելու համար հայտնում եմ, որ եթե մյուս անգամ էլ էդ տեսակ շինովի «անօրինակ թշվառների» ուրվականներ կգան «չքավորության դրոշակներով» սավառնելու Հայոց գրական ընկերության ընդհանուր ժողովի դահլիճում, ես ցույց կտամ ավելի զարմանալի վերաբերմունք։