ընկ<երության> գաղափարը, շատ աշխատեցին ու երազեցին իրականացած տեսնել իրենց սիրած միտքը, բայց չտեսան և այսօր չկան մեր մեջ նրանք՝ Ս. Շահազիզ, Պերճ Պռոշյան, Ղազ. Աղայան, Սունդուկյան, Մուրացան, Արասխանյան… հարգենք նրանց հիշատակը ոտքի կանգնելով։
Տիկիններ ու պարոններ.
Այստեղ արտասանած ձեր ճառերը ճառի սովորական նշանակությունից ավելի մեծ արժեք ունեն այսօր, որովհետև արտասանվեցին գրողների ընկերության մեջ։ Ճառը, խոսքը գործնական աշխարհքում միայն խոսք է, իսկ գրողների աշխարհքում գործ, որովհետև գրողների գործը հենց խոսքն է։ Եվ էն մեծ ժառանգությունն արդեն, որ մեր ազգային կյանքում մեզ, հետնորդներիս, թողել են մեր պանծալի նախորդներրը՝ Սահակն ու Մեսրոպը, Եղիշեն ու Շնորհալին, Փարպեցին ու Նարեկացին, Նահապետ Քուչակն ու Սայաթ-Նովան, Աբովյանն ու Նալբանդյանը, Արծրունին ու Րաֆֆին, Աղայանն ու Պռոշյանը, Սունդուկյանն ու Ալիշանը ու շատ իրենց նմանները, որոնք իրենց հոյակապ գործերով լցրին մեր երկիրը և իրենց հիշատակներով մեր սրտերը ու ինչպես պայծառ արևներ լուսավորում են մեր ճանապարհը դեպի ապագա լավ օրերը, և որոնց ապավինած մենք զգում ենք մեզ հզոր ու անսասան, ասում եմ՝ նրանց մեզ թողած ժառանգությունն արդեն նյութական հարստություն չի, այլ բարոյական, հոգեղեն, մտավոր, խոսքի ու բանի կարողություն։
Եվ էս տեսակ հաստատության մեջ գլխավորը բարոյական մեծությունն ու հարստությունն է լինելու, մյուսը, նյութականը նրանից հետո։ Դրա համար էլ ձեր սրտալի վերաբերմունքը, ձեր սերն ու խրախուսանքը առանձին արժեք ունեն գրողների ընկերության մեջ։ Սրտալի խոսքն ու անկեղծ ոգևորությունը սիրտ կտան մեզ ու ոգևորություն, իսկ