Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/40

Այս էջը հաստատված է

 Բորչալվեցին այնքան է սովորել կաշառքին, որ չի հավատում, թե առանց կաշառքի կարող է գործ առաջ գնալ աշխարհքում։ Նրա կարծիքով աստված էլ աշխարհքը կաշառքով է ստեղծել։

Մի գյուղում քննչին կաշառք առաջարկեցին․ քննիչը հրաժարվեց, միայն հավատացրեց, որ նրանց գործը լավ կերթա։

— Չէ՜, մեր գործը վատ կերթա, որ աջահամբույր[1] չես վեր առնում մեզանից, տրտնջում էին գործատերերը․ քննիչը, դատավորը որ սաղվաթ, փեշքաշ չընդունի ընչի ա պետք…։

Այս խոսքերը ես լսել եմ իմ ականջով գյուղի առաջավոր մարդկանց բերանից։ Որքա՜ն շատ բան են ասում այս մի քանի խոսքերը ժողովրդի տեսած արդարադատության մասին, որքա՜ն արդար ձայներ ու բողոքներ պետք է խեղդված լինին այս տեղերում, որքա՜ն ճնշված ու տանջված չունևորը, որքա՜ն ընկած, մեռած խղճի և դատի նշանակությունը այնտեղ, ուր ստեղծվել են այս խոսքերը։

Եվ շատերը հրաժարվում էին քննությունների ժամանակ հանցավորներին մեղադրելուց։

— Ինչո՞ւ չես ասում, ինչ որ գիտես,— հարցնում է քննիչը։

— Ի՞նչ ասեմ, տեր հայր, ինչ մեղք էլ վրեն հաստատենք, էգուց կերթա բարձր կաշառք կտա, ինքը կպրծնի, զուր մենք վատամարդի կդառնանք։

Սրանք դատարկ խոսքեր չեն, անձնական փորձերից հետո է խոսում այս գյուղացին։

Այս քննությունների, աղմուկների ժամանակ հանկարծ առաջ են գալիս մի քանի գյուղացիներ։ Բոլորը լռում են։ Սրանցից մեկը երկյուղածությամբ ծոցից մի թուղթ է հանում, մեկնում հայր քննչին։ Այդ էլ ուրիշ խնդիր է. ժողովուրդը դրանով աղերսում է հոգևոր իշխանությանը, որ իրանց գյուղում մի ուսումնարան բացվի։

Այստեղ, այս անակնկալ րոպեին, մարդու սիրտ հանկարծ ճխում, թունդ է առնում և ակամա դուրս է թռչում―«ահա քո

  1. Կաշառքը զանազան անուններով են տալիս―աջահամբույր, չայի փող, ճամփի ծախս և այլն։