Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/405

Այս էջը հաստատված է

ձևերը մեծ մասամբ մտնում են շնորհիվ այն բարբառների, որ կենդանի ապրում են մեր գավառացի գրողների բերաններում և հեղհեղվում են նրանց ամենօրյա խոսակցության մեջ։ Այդ մարդիկը, ինչ որ մոռանալու բան է՝ հետզհետե մտահան են անում, ինչ որ [հարկավոր] պետքական է կամ ապրելու ընդունակ՝ գործ են ածում, արծարծում և մտցնում [գրականության] գրական լեզվի շտեմարանը։ Տեսնում եք դուրս եկավ մի Ճուղուրյան և յուր «Մոռացված աշխարհով» լեզվի համար նոր նյութեր բերեց Ղազախից․ դուրս եկավ մի Ավ. Իսահակյան, նոր ձևեր ու ոճեր բերավ Շիրակից և այլն։ Մենք ուրախանում ենք, մենք ողջունում ենք այդպիսի ամեն մի գրողի ձիրքի հետ և նրա լեզուն–իսկ պ. Արասխանյանը այդ ուզում է դարձնել կանդրաբանտի ապրանք։

Այսպես [թարս] [հակառակ] [արձագանք տալով] պատասխանելով պ. Արասխանյանցի կոչին, որ անում է հայոց գրականությամբ պարապողներին—ես կառաջարկեի չմոռանալ մայրենի բարբառների արդարությունն ու մեծ նշանակությունը՝ գործածելով ով ինչպես և որտեղ ցանկանում է, և զորացնել այս հարազատ կենսատու հոսանքը, որ յուր զուտ ազգային դրոշմով, ոգով ու ոճով կարողանա մեղմացնել այն բարբարոսական համաճարակը, որ մեր նորահաս գրականական լեզվի մեջ անում է թարգմանական գրականությունը և լրագրությունը։

Ինչ վերաբերում է պ. Ար<ասխանյանի> գլխավոր առաջարկությանը, որի վրա բարձրացել էր յուր առաջարկությունը այսինքն թե…

Դա անհիմն բան է։ Գրական—<1անընթ․> գաղտնիքը այլ է բոլորովին։ [Իսկ] սակայն եթե ուզում եք լեզվի միջոցով օգնած լինել, ապա աշխատեցրեք պարզ ու հասկանալի լեզվով գրել, ուրիշ ոչինչ։ [Ոչ թե հարկադրել, թե սովորեցեք այնպես, ինչպես որ մենք ենք գրում]։