Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/406

Այս էջը հաստատված է
1899
ՄԱՄՈԻԼ

Լրագիր եք ստանում։ Այսօր կարդում եք մի զրպարտություն, վաղը հայհոյանք, մյուս օրը սուտ, չորրորդ օրը մի անճոռնի կարծիք, և այսպես շարունակ՝ օրեր, ամիսներ, տարիներ… Եվ բացարձակ ստախոսության հետ միասին պնդում է, թե ինքը մենակ է պաշտպանում ճշմարտությունը, անպատկառ հայհոյանքով ու անբարտավանությամբ լի հոդվածի վերջում մի քանի տող է կցում, թե [չի կարողանում] համեստություն է սովորեցնում, մի հրեշավոր կարծիք հայտնելիս, բողոքում է, թե իրան ոչ ոք չի հասկանում, մենակ է մնացել։

Տպագրական խոսքը դարձել է մի ահագին չարիք, ապականում է ուղեղներն ու զգացմունքները, կամ, ավելի ճիշտ, ապականված ուղեղներն ու զգացմունքները խոսում են տպագրական խոսքի միջոցով։

Մարդկանց ջղերը երկար չեն կարողանում դիմանալ։ Մեկ, երկու, տասը, քսան, հարյուր, հազար... այլևս չի կարելի տանել։ Ավազակը կողոպտում է մարդկանց ունեցած գույքն ու մարմինը կեղեքում և բողոք է հարուցանում, վատաբարո [գրողն էլ] գրողը բռնաբարում է մարդկանց զգացմունքներն ու հոգին կեղեքում, այս էլ [բողոք կհարուցանի] պետք է բողոք հարուցանի։ Եթե մեկը չարիք է, մյուսն ավելի մեծ է նրանից։ Գրականությունը, տպագրական խոսքը մի անհատի, մի ժողովրդի, մի ազգի հոգեկան կարողությունն է, որ հանդես է հանում։ Եթե այդ անհատը կամ ժողովուրդը ունի բարոյական մի կոչում, կյանքի մի վսեմ խորհուրդ, յուր մեջ կրում է աստվածային տարր, նրա խոսքն էլ անշուշտ կլինի արտահայտություն մաքրության, վեհության, ճշմարտության, բանական, անկաշառ դատողությունների, անկեղծ ու վսեմ մտածմունքների և գեղեցիկ զգացմունքների։