Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/409

Այս էջը հաստատված է

և օրինակելի բանաստեղծը, գծի տակ ծաղրում [նրանց] բանաստեղծներին, այն օրերից սկսած մինչև այսօրվան օրը։

Մի երկու տարի սրանից առաջ, երբ Բաքվի Մարդասիրական ընկերության ընդհանուր ժողովում գրողներին նպաստ տալու հարց բարձրացավ, այդ թերթն էր միայն, որ դեմ խոսեց մի շարք առաջնորդողներով և իր հակառակությունը փաստաբանելու համար կուտակեց ամեն տեսակ անհեթեթություններ, միայն թե խոսքը դուրս տաներ։ Եվ այդ այն թերթը, որ քարոզում էր, թե Թիֆլիսում, Թիֆլիսի քահանաների համար ապահովության գանձարան պետք է հիմնել, և երբ այդ գանձարանը հիմնվեց, այնպես սիրալիր ողջունեց, կարիքը բացատրեց և նույնիսկ [անցյալ] այս տարի էլ եռանդով զբաղվում էր քահանաների գանձարանով ու նրանց կարիքներով։ Այդ մարդիկ բազմեցին Հայոց հրատարակչական ընկերության, այդ միակ գրական ընկերության մեջ, և ահա… հարցրեք նրանց և գրողների հարաբերությունների մասին։ Ահա այս և [գուցե] ուրիշ սրանցից էլ ավելի վատթար հանգամանքներն են ինձ վրդովել, որ ես պատեհ դեպքում չեմ թաքցնում. իսկ խմբագրությունը, որ գաղափարական շարժառիթներին այնքան քիչ է նշանակություն տալիս առհասարակ, զարմացած «չի կարողանում իմանալ, թե ի՞նչիցն եմ ուռել ես»։

Մենակ ես չեմ ուռել, պարոններ, շատերն են ուռել, և, եթե այդպես գնաք, որ շատ հավանական է, կգա մի օր, որ բոլորն էլ կուռչեն ու հառաջ կգա մի պայթյուն, որ դուք իսկի չեք նախատեսում, դուք, որ ձախորդ հանգամանքները ձեզ աջակից առած, զանց եք առնում այն ներքին էական հանգամանքները, որոնք միայն կարող են պայմանավորել և՛ թերթի գոյության և՛ [հառաջադիմական] հառաջադիմության գործը։ Իսկ եթե ես և ինձ նմանները ավելի ենք ուռչում, այդ նրանից է, որ մենք սրտով ավելի մոտ ենք այն գործին, որ հարստահարում եք դուք, և ավելի շատ ենք ցավ զգում։ Ահա, օրինակ. շատերի համար աննկատելի կանցնեն, գուցե և հավանելի լինեն, ձեր այս տողերը, որ վրդովում են…