Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/410

Այս էջը հաստատված է
1890-ական թվականներ


ՈԻՍՄԱՆ ԱՆԱՌԱԿ ԶԱՎԱԿՆԵՐ

Ֆիզիկական մշտնջենավոր տառապանքի դատապարտված Սիզիֆն ու աստվածային տանջանքի ենթարկված Պրոմեթևսը զրույց էին անում։

— Բախտավո՞ր է քո ցեղը,— ստորերկրյա անդունդից հարցրեց հսկա Սիզիֆը, շարունակելով քարեր շպրտել դեպի [վերև] բարձր լեռան գլուխը, որոնք կրկին ցած էին գլորվում և նա դարձյալ այսպես անվերջ վերև էր ձգում։

— Ո՛չ, անբախտ է իմ ցեղը,— բարձրից որոտաց աստվածների շղթայակապ գերին։

— Նրանք է՞լ են քարեր ձգում դեպի վերև, որ [կրկին ներքև] միշտ ցած են ընկնում,— կրկին հարցրեց չարատանջ հսկան։

— Ո՛չ,— պատասխանեց Պրոմեթևսը,— դրանից էլ ավելի վատ։ Նրանք իրանց սրտերն են ձգում դեպի վերև, և այն ընկնում է ցած, նրանք իրանց հոգիներն են ձգում դեպի վերև, և հոգիներն ընկնում են ցած, իրանց մտքերն են ձգում դեպի վերև, և այն մտքերն ընկնում են ցած..․

Ճակատագրական զարհուրելի անեծք, որ դրված է մտավոր աշխատանքի գործի վրա։

Ճշմարիտ, որքա՜ն դանդաղ են հաղթանակում մտքերն ու զգացմունքները․ այնքան դանդաղ, որ կարծես թե ապարդյուն են անցնում։

Այսպես [դժվար] ծանր է եղել կուլտուրական առաջադիմության ուղին, այսպես դժվար է եղել փչացած մարդու վերանորոգությունը։

Բայց մենք այդպես չենք սովորել մտածել ու հասկանալ, այդ հուսահատական է մեր անհամբեր սրտերի և մեր ազատ թռչող մտքերի համար։ Մտավոր հեղաշրջումները մեզ համար մի տեսակ ֆեյերվերկներ են եղել—հեշտ ու արագ,