Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/413

Այս էջը հաստատված է

Կան, որոնք թղթակից են — գրում <են> սուտ ու բամբասանք, որ անարգեն, անվանարկեն մեկն ու մեկին՝ անձնական վրեժ լուծելու համար։ [Եվ շատ հասկանալի է, թե որքան <3 անընթ․> վնասակար է այս ընթացքը, որ գործերին տեղյակ մարդկանց աչքում գցում է մամուլի վարկը]։ Մոլորեցնում են մամուլը, խաբում հազարավոր ընթերցող մարդկանց և տպագրական խոսքի [վարկը] արժեքը վայր գցում։ Երանի թե միայն եղածը խեղաթյուրեին—դրանով չեն բավականանում, չեղած [սուտ] չլսված բաներ են հնարում։

Կան [որոնք] «ուսում առած» պաշտոնյաներ զանազան հաստատությունների մեջ, և դարձյալ նույն կաշառն ու նույն չինովնիկությունը, որ իսկի չէինք մտածիլ նրա մեջ։

Սրանց մեծ մասը այնքան էլ հիմար չեն, որ իրանք արածը հավանելի կարծեն։ Դրա համար էլ մի մարդու պատահելիս գիտեն դուրեկան հառաչանքներ արձակել, խոսել իդեալական բաներից և խնջույքներում հոտնկայս զանազան թանկագին ազգային կենացներ խմել ու տաք խոսքեր ասել։

Կան և այնպիսիները, որոնք լոթիանա խոստովանում են իրանց ընթացքը և աշխատում են [մի կերպ] բացատրել ու արդարացնել կյանքի պահանջներով, շրջանով, կարիքով և այլն։

Ոմանք էլ ուրացած ու մոռացած ամեն անցյալ, և ամեն կապ կտրած, ցինիկաբար ծաղրում են, գլուխները շարժելով ծիծաղում են, որ իրանք էլ մի օր բռնված են եղել այդ քամիներով։

Բայց չէ՞ որ այս մարդիկը գրքեր են կարդացել, ուսում են առել, կրթվել են… [Հապա] Ի՞նչ եղան այն բոլոր ուսուցիչների, գրողների, հրապարակախոսների ջանքերն ու ազդեցությունները, ի՞նչ եղան այն մտքերն ու զգացմունքները, որոնցով երբեմն ոգևորվում էին սրանք։

— Այն մտքերը դարձյալ ընկել են ցած, այն զգացմունքները դարձյալ ընկել են ցած։

Ընկել են ցա՜ծ… Այնտեղ կայան չկա մաքուր մտքերի ու սուրբ զգացմունքների համար, և ահա դարձյալ մութն է,