Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/415

Այս էջը հաստատված է

դու կասես, հապա ո՞վ են խոսեցնողները, այդ ազդեցությունները, որոնք դառնում են գրողի ներշնչանքը, ոգևորությունը։

Դրանք շատ են։

Այն ընտանիքն է, որի մեջ առաջին անգամ մենք բաց ենք անում մեր աչքը ու առնում առաջին տպավորությունները։ Այն անմիջական շրջանն է, որտեղ մենք անում ենք մեր առաջին քայլերը։ Այն հասարակությունն է, որի մեջ պտտվում ենք, նրա հարցերը, նրա մամուլը, նրա ձգտումները։ Այն ազգն է՝ իր անցյալով ու ներկայով, որի զավակն ենք մենք մարմնապես ու հոգեպես։ [Այն բնությունն է] Մեր տեսած բնությունն իր երևույթներով և դրանից հետո ավելի լայն՝ դարը բոլոր ազգերի [միացյալ] ժամանակակից մտավոր ու կուլտուրական հոսանքի ազդեցությունը, եթե մեզ է հասնում։

(Ահա թե որտեղ է կապված եղել մեր Պեգասը։ Հին հունական բանաստեղծների Պեգասը խմում էր. հիպոկրենե վճիտ–աղբյուրից և ապրում էր։ Մեր Սասունցի Դավթի հրեղեն ձին իր հորեղբայր Ձենով Օհանը կապել է ախոռում (հավերը վրեն ծրտել են)։

Արժե խոսել սրանց մասին.

Այն շրջանները, որոնց մեջ ես ապրել ու անց եմ կացրել իմ օրերը մանկությունից ի վեր [այսպես են եղել] եղել են նեղ ու դատարկ։ Բամբասանքներ—դավադրություններ, ընկերական հարաբերությունների մեջ կեղծիք, խաբեություն, շահի, միմիայն շահի ձգտում։ Անտարբերություն դեպի ընդհանուր-ազգայինը, խոհեմություն է [եղել] համարվել միշտ խուսափել «խալխի համար» գլուխը ցավացնելուց։ Արհամարհանք դեպի իր ազգային լեզուն և կապկի հափշտակություն դեպի օտարը, անճաշակություն ամեն բանի մեջ ի [անմաքրասիրություն], քաղաքականությունը եղել է կեղծավորությունը, կարեկցությունը [եղել է փոքրիկ] միշտ հայտնվել է իրենց չնչին փառասիրությունը հրապարակ դնելու առիթ և միշտ [աշխատել են] ոտնակոխ են արել <1 անընթ.> ինքնասիրությունը։