Այդ գյուղի ուսուցիչներից շատերն են այսպիսի ռոճիկներ ստացել։
Հ. գյուղացիք ուսուցչին ռոճկի փոխարեն խոստացել էին կեսօրավար ցանած կարտոֆիլ և երկու այծ, հավատացնելով, որ այդ ռոճկից ավելի կբռնի։ Խեղճ թիֆլիսեցի երիտասարդն էլ հավատացել էր։ Հակառակին կարտոֆիլն էլ այն տարի լավ չէր եկել։
— Դե քու բախտիցն էր, մենք ինչ անենք, վարժապետ ջան,— վարժապետի սիրտն առնում են գյուղացիք ու ճանապարհ դնում։
Անբախտ ուսուցիչը ինձ պատահեց Ջալալօղլի՝ հետը երկու քոսոտ այծ, որոնց ֆուրգունչին չէր համաձայնվում վերցնել Թիֆլիս տանելու։
Այսպիսի առակներ ուսուցիչներն ավելի շատ գիտեն։ Իսկ ապառիկներ, որքան կուզեք։
Հայրենակիցներիս մեղքերը թեթևացնելու համար այստեղ դարձյալ հիշեցնում եմ նրանց աղքատությունը։
Աղքատություն եմ ասում, որ օրերով հունձ անես կիզող արևի տակին, գիշերը խորոմես և տաժանելի աշխատանքից հետո հոգնած, ուժասպառ, երբ սիրտդ գնում է սովածությունից, աստծուն փառք տաս քարից փափուկ ցամաք հացի համար, այն էլ այնքան չլինի, որ փորդ կշտանա։ Տանջվում են, մաշվում և սնունդ չեն առնում, որ պակասած ուժերը կազդուրեն։ Ամիսներով յուղալի կերակուրի երես չեն տեսնում, իսկ մսով միայն այն ժամանակ են լիանում, երբ անասունների կոտորած է լինում, ուտում են անխտիր հիվանդացած անասունի միսը, առանց մտածելու հիվանդության մասին։
Հիվանդություններն ու մոլությունները այս ժողովրդի կյանքի հարազատ եզրակացություններն են։ Սիֆիլիսը (տիրամոր ցավ) և օնանիզմը հայտնի են ամենախուլ անկյուններում, իսկ անասնամոլությունը զարմանալի տարածված է թե ամուրիների և թե ամուսնացածների մեջ։
Այս խորին ուշադրության և ցավակցության արժանի իրողություն է։ Դեպի յուր կրքերն անփույթ, տգետ, վայրենի ու մոլի ժողովուրդը քայքայվում է բարոյապես և ֆիզիկապես,