Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/439

Այս էջը հաստատված է

Մարդիկ կան, որոնց քիչ են ասում, շատ են հասկանում, մարդիկ էլ կան, որոնց շատ պետք է ասել, որ մի քիչ հասկանան։]

[Հասկանում եք ինչ եմ ասում, ջենտլմեն պարոն] Լսո՞ւմ եք, գրականության համար սրտացավ, [պարոն] նախանձախնդիր Դրամբյանը, որ շանտաժ, ժանտախտ <է ասում>, մեր ինտելիգենտն է, ուսուցիչն է, ու [բացառություն չէր] նորություն չի։ «Մշակը», որ տպում է, մեր հին առաջադիմական թերթն է ու միշտ տպել է, և բացառություն չի։ Ընթերցողն էլ հո ճանաչում եք, թեկուզ իրար դեմ դնեք «Մարսելյոզն»¹ ու «Պարգևատուն ամենեցուն»² ու հրատարակեք, [գողություն] թե գողացել է շարականը,— շանտաժ, ժանտախտ— քանի՞սն են հասկանում, քանիսն են հետաքրքրվում, թե սա ճիշտ է ասում, թե սուտ, ուղիղ է դատում, թե սխալ՝ քանի՞սն են նշանակություն տալի, թե էս ինչ գրողին ինչ ասին կամ ինչ արին, ում ինչին է պետք։ Քանի՞սը գիտեն, թե ինչ է գրականություն ու գրական մարդը կամ ի՞նչ է քննադատությունը։ Եվ ի լրումն էս ամենայնի դուք էլ քաղաքավարին ու ջենտլմե՞նն եք…

Հասկանո՞ւմ եք, թե ինչ մթնոլորտում է շնչում ձեր գրողը։ [Իսկի մտածե՞լ եք, թե ինչն է պատճառը, որ ձեր միջի տաղանդները] Գրողները տաղանդ շատ են ցույց տալի [տաղանդավոր գործ], արդյունք քիչ, սկսում են թափով ու կոտրվում շուտով, և՝ դուք նրանց լավ գործերը թվելիս մեծ մասամբ պետք է առաջ բերեք նրանց սկզբնական գործերը, երբ դեռ նոր էին սկսել, թարմ էին ու ուժեղ, և հետզհետե թուլանում են կամ լռում ընդմիշտ։

[Եվ ահա] Դուք չունեք գրողներ, այլ ունեք «խանգարված գրողներ»։

Մտածե՞լ եք դուք երբևիցե, թե ինչն է սրա պատճառը։ Երբե՛ք։ Ես չեմ էլ պահանջում։ Բայց [ձեզ ասում եմ որ] ես ոչ թե մտածել եմ այդ ամենը, այլ ապրել եմ իմ ողջ էությամբ, և ասում եմ.

[Էս] Մեր աշխարհքում առանց էն էլ գրողի համար մթնոլորտ չկա, օդ չկա։ [Էդ հասկանում է ամեն գրող]։ Փոքրիկ ժողովուրդ ենք, [խավար], ետ մնացած, տգետ, միշտ