Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/45

Այս էջը հաստատված է

 Մասնավոր ապահով մարդիկ չկան, որ ժողովեն, այնպիսի հարուստներ չկան, որ ձեռնհաս մարդկանց միջոց տան ժողովելու, ընկերություն չկա, որ զբաղվի դրանով, իսկ մամուլը… ճգնում է եղած ողորմելի գրականությունն էլ խեղդել յուր հրապարակախոսական ցեխի մեջ, ուր մնաց այդ մասին հոգար յուր գավառներում ցրված աշխատակիցների միջոցով։ Եվ այսպիսով մոռացվում, թաղվում, կորչում են մեր ազգային հոգու ծնունդները―մեր գրականության հարազատ հողն ու պատվանդանը մաշվում, սպառվում, անհետանում։

Վերոհիշյալ գյուղերից որոշվում են այն գյուղերը, որ գտնվում են մենաստանների―մեծ վանքերի մոտ։ Որոշվում են ավելի մեծ անբարոյականությամբ ու ծուլությամբ։ Զզվելի պատմություններ կան սրանցից, բայց տեղս տեղ չի, որ օրինակներով խոսեմ։

Բորչալվի հնություններից հռչակավոր Հաղպատ-Սանահնի վանքերն են այժմ կանգուն, որոնք, կարծես, իրանց ժամանակը լրացրած՝ աչքից ընկել են։ Այս վանքերը մի ժամանակ հայոց եկեղեցական լուսավորության ջահերն էին համարվում, արևելքի բռնակալներից հալածված հայոց դպրությունն այս վանքերն էր ապաստանում ու ծաղկում։ Այստեղ են ուսել ու քարոզել Հովհան Իմաստասերը, Գրիգոր Տուտեորդին, Վանական մեծ վարդապետը, Կիրակոս պատմագիրը, շատ կաթողիկոսներ և այլ հոյակապ, ուսումնասեր ու ժողովրդասեր հոգևորականներ։

Այժմ մի-մի տգետ վարդապետ պարապ-սարապ նստած նրանց տեղը աղքատ ուխտավորների հետ վիճում են վանքի (իրանց) հասույթների, խաչահամբույրների, աջահամբույրների համար, մատաղի մորթիները հավաքում―կախ են անում բեմբասացության դահլիճում, ուր մի ժամանակ թնդում էին հայոց եկեղեցու հոգեխոս հռետորների ճառերն ու քարոզները, կամ թափում ածուխի կույտի վրա―թանգարանում, ուր պահվում էին հնության պարծանքները։

Այս գյուղերից հետո կարելի է հիշել ազնվականների գյուղերը։ Այս սնապարծ ու դատարկապորտ սովածներին տեսնելիս, սրանց անմիտ ու հիմար պարծենկոտությանն ականջ դնելիս, դեպի ռանճպար գյուղացին ու աշխատանքը