Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/451

Այս էջը հաստատված է

Անվերջ կլինեք դուք, անվերշ կլինի ձեր խոսքը, «կծու, խայթիչ լեզվով» միշտ նոր ու նոր գրական «մեծությունների» թունավորելու համար և անվերջ էլ [կգոռան] կմռնչան նրանց [ազնիվ] զայրույթի [տաք] շանթերը ձեր բութ ու մութ ճակատների դեմ... Հին կռիվ։

Եվ շատ խեղճ հոգիներ կզարմանան, թե ինչպե՞ս էս բանաստեղծը խոսում է և բերանից երգեր չեն դուրս գալիս, այլ [շանթեր] զայրույթ...

Խե՜ղճ մարդիկ. կարծում են ինչ լեզվով ու ինչ քնքշությամբ բալլադներ ենք գրում, նույն լեզվով ու նույն քնքշությամբ պետք է պատասխանենք իրենց դրամբյանների ու գազեթների չարությանը... [Ո՛չ, դրա համար ուրիշ բարբառ ունենք նրանց ավելի հասկանալի։]

Ահա եկել ենք նորից նույն հին տեղը՝ «Մշակի» №-ում [նորանոր գյուտեր եք արել] նորից ծամծմելու, ինչ որ մի անգամ ծամծմվեց ու մնաց կոկորդում։ Շատ լավ․ առած կա. քոռամուկը ինչքան հող փորի, իր գլխին կածի։ (Առած, բայց Հայկունուց չեմ առել դարձյալ)։ Համեցեք։

Ներս համեցեք։

Ի՞նչ պետք է անենք։ Մարդը կրիտ‹իկոս› է դարձել [ինքն էլ,] ‹1 անընթ․› դողդողում է իր անզոր կատաղությունից։

Մարդ և՛ զայրանում, և՛ խղճում է միաժամանակ։

— Ի՞նչ եք ուզում, պարոն Դրամբյան, ի՜նչ...

Ասում է՝ ես...

— Լա՜վ, ի՞նչ եք ուզում։

— Ինձ պատասխան պետք է տաք...

— Իհարկե, իհարկե պատասխան պետք է տամ։ [Ձեզ չեմ արհամարհիլ]

[Ի՞նչ պետք է անենք] Մարդը կրիտիկոս է դարձել ու փորձանքի մեջ է մնացել ինքն էլ, մենք էլ։ Ուշադրություն պետք է դարձնենք, պատասխան պետք է տանք, չէ՞ որ հայ ուսուցիչն է, առաջադիմական թերթի թղթակիցն ու քննադատն է, վերջապես մեր ինտելիգենտն է։ Չի կարելի արհամարհել։ Ավա՜ղ, [էսպես է] չի կարելի։ Մեր եղածն էս է։

— Ի՜նչ եք ուզում, պարոն Դրամբյան, [ինչ...]