Առաջ թե ինչ էր ուզում, հասկանում էի, բայց այժմ ինչ է ուզում, չեմ հասկանում։ Առաջ նա գոնե գտել էր, որ ես «բառացի» վերցրել եմ «Ծիտը» Հայկունու ժողովածվից, «Չախչախ թագավորն» ու «Մուկիկն» էլ մի քիչ փոփոխել եմ, դրա համար էլ ինձ անվանում էր և՛ շանտաժիստ, և՛ բանագող, և՛ ավերիչ ժանտախտ, ծերումն էլ բոյկոտ։ [Եվ էսպիսով մենք մեղանչել էինք «գրական մեծությունների» դեմ, պատասխանատու էինք հայ ժողովրդի, նրա վարժապետների, կրիտիկոսի և հառաջադիմական մամուլի առշև։ Բայց ինչքան էլ մեղադրածներ լինեինք...]
Բայց իմ անունը Հովհաննես Թումանյան է, և ես պատասխան էի տալու էն ամենի [համար ընչի տակին կամ գլխին], ինչ որ կրում է իմ ստորագրությունը։
Եվ [ահա] ես ցույց տվի, որ «Ծիտը» ես Հայկունուց չեմ վերցրել, այլ ես էլ հայ եմ ու գավառցի, զբաղվում եմ հեքիաթներով և ձեռիս տակ էլ ունեցել եմ ահա էսքան վարիանտներ, որոնցից [օգտվել եմ] կազմել եմ, և միառմի ցույց եմ տալի իմ վարիանտում։ Ամենայն ուրախությամբ ու իրավունքով, ասում եմ, կօգտվեի և Ս. Հայկունու վարիանտից, բայց նա հետո է ձեռս անցել, չեմ օգտվել, ցույց եմ տալի [տարբերությունը], որ նա մինչև անգամ [ուրիշ] իմից տարբեր վարիանտ է, թվում եմ տարբերությունները, որոնցով վարիանտները ջոկվում են իրարից, թե ինչպես մեկը իր ոտը մտած փուշն է տանում, պառավին ասում, որ հանի, իր թոնիրը վառի, որով իսկապես ինքը ցավից ազատվում է, բայց [նրան] պառավին իբրե թև լավություն է անում ու վրեն մուննաթ է դնում, վերջն էլ գցում փորձանքի մեջ։ Իսկ մյուսը միայն իր գտած փուշն է տալի։ Կան վարիանտներ, որոնց մեջ հերոսը զոհ է գնում իր ժուլիկությանը, կան, որոնց մեջ մնում է վերջը դատարկ, ինչպես իմ առածը, և կան, որոնց մեջ հաջողում է, հարսի տեր է դառնում, ինչպես Հայկունունը, թեև դրանք բոլորն էլ սկսում են՝ լինում է, չի լինում ով, ու մեջները կա՝ գնում է, գնում, և սրանց նման ընդհանուր դարձվածքներ։
Մինը իր հարսը նվիրում է աշուղին ու ինքը դատարկ դնում, որ ետ գա ու շառով տա, իսկ մյուսը իր հարսը ուղղակի