Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/457

Այս էջը հաստատված է

[Սրան ի՞նչ պատասխան ստանամ, որ լավ լինի] էհ, սրանից հետո հիմի ի՞նչ է ուզում։

[Մինը մյուսից ապշեցնող]

Կարծում եք ներողությո՞ւն, որ դրա համար շանտաժիստ է անվանել, ո՛չ, էս ո՞ր աշխարքումն ենք ապրում։ Խոստովանությո՞ւն, որ սխալվել է. [ո՛չ] դրամբյանները մի՞թե կսխալվեն։ Լռությո՞ւն, էդքան էլ խելք չունեն։

Ո՛չ մինը, ո՛չ մյուսը, այլ նորանոր, մինը մյուսից ավելի ապշեցնող սոփեստություններ, հիմարություններ ու ստեր։

Եվ ասում են էս մարդը ուսուցիչ է։ Մարդ ակամայից մտածում է, մի՞թե սրա նմանները շատ կան մեր ուսուցիչների մեջ...

Տարրական մարդավարությունից զուրկ, տարրական գիտելիքներից բոբիկ։

[Նախ] Իմ ցույց տված թվականը (1907 թ.) խառնում է մյուս տարիների հետ (որ ասել եմ, հանել են) ու աշխարհքովը մին, առանց ամաչելու, հայտարարում է, թե էդպես չի։ [Խնդրում եմ] էնպես որ ես ստիպված եմ խնդրելու, եթե ընթերցողներից մի պարապ մարդ կլինի ու ձեռը կընկնի «Լուսաբեր» Ա տարի, 1907 թ. տպագրությունը, թող նայի 96 էջ, 17-րդ տողը, տեսնի արդյոք տպա՞ծ է «Ծիտը» ժողովրդականից, թե՞ չէ։ Ես իրեն ասել եմ՝ իմ ծիտը և այլն․․․

Հիմի գանք հեքիաթների վարիանտներին ու նրանց տարբերություններին։

Ասում է՝ մի մարդու հարցնում են բաղնիք տեսե՞լ ես, թե՞ չէ։ Ասում է. տեսել եմ, խոզի նման պոզեր ունի։

[Ուզում է իբրև թե խոզով բաղնիքը բացատրի, դուրս է գալի, որ ոչ էս է հասկանում ինչ բան է, ոչ մյուսը:]

Հիմի սրանն է. ոչ հեքիաթն է հասկանում, ոչ նրա վարիանտն ու վարիանտների տարբերությունը։

Ես ասում եմ՝ էդ հեքիաթը վարիանտներ ունի, մի վարիանտով, որ ես եմ վերցրել (մանրամասնություններն էլ հիշել եմ) հերոսը վերջում դատարկ է նստում, մյուս վարիանտով, որից մեկն է և Հայկունու գրի առածը, հերոսը վերջում հաջողում է, հարսի տեր է դառնում: