Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/46

Այս էջը հաստատված է

տածած արհամարհանքը տեսնելիս, մարդ մտածում է՝ ինչ պատուհաս է ազնվականությունը մարդկության համար․ դրանով կարելի է ազգեր այլասերել, մեռցնել ֆիզիկապես և բարոյապես։ Այս դժբախտներին ժողովուրդը անմահացրել է, մի երկու խոսքով— «մեծ-մեծ տներ―սոված շներ»։

Այստեղ խոսքս մասնավորում եմ երկու գյուղի―Շուլավերի և Ջալալ-օղլու վրա, որոնք ազդում են Բորչալվի թե՛ նյութական, և թե՛ բարոյական կյանքի վրա։

Բորչալվի գավառական քաղաքը Շուլավերն է համարվում, որ մոտ հազար բնակիչ ունի, Ջալալ-օղլին փոքր է նրանից։

Գեղեցիկ է երեք կողմից լեռներով պատած և այգիներում թաղված Շուլավերը, բայց Ջալալ-օղլին ավելի քաղաքի տպավորություն է անում և ավելի չքնաղ է։ Ջալալ-օղլեցին գիտե ոգևորվել և յուր մաքրասիրությամբ կարող է համարձակ պարծենալ թիֆլիսեցու առաջ, իսկ շուլավերցին աննման կոնծող է։ Երկու գյուղի ժողովուրդն էլ զուրկ են համայնական ոգուց, խռովասեր, ամբարիշտ, ինտրիգան։

Ասում են, թե մեկը Թիֆլիս գալիս ճանապարհին մի թուղթ է գտնում, վերցնում է տեսնում հարյուր ռուբլիանոց, և ցավելով բացականչում է― «ափսոս, ես կարծեցի գանգատի թուղթ ա»։

Հիմի վեճ կա, և դժվար է վճռել, թե այս մարդը շուլավերցի էր, թե ջալալ-օղլեցի. երկուսն էլ հավասար շանսեր ունեն այս մարդը լինելու։

Գալով դարձյալ ընդհանուրին՝ այս կասեմ․ առհասարակ դանդաղ ու կոպիտ է այս ժողովուրդը, ինչպես յուր սիրած գոմեշը, ինչպես յուր լեզուն, շարժվածքն ու երգը (թեև սեփական երգ էլ չունի)։

Զուրկ է, թե՛ ապրելու և թե՛ հոգեկան վայելչությունների ճաշակից․ նա չի կարողանում գնահատել նույնիսկ յուր լեռնային բնության վայրենի գեղեցկությունը և անխնա այլանդակում է, շարունակ սպառելով ահագին անտառները։ Դեռ վայրենու նման քաղաքակրթության արտաքին փայլերովն է շլանում։ Այսքան դարեր ապրած, ծերացած ժողովուրդ և դեռ չի ըմբռնել կյանքի ներքին իմաստը, անցել է անթիվ ու անհամար փորձերի ու փորձությունների միջով և չի հասկացել,