Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/460

Այս էջը հաստատված է

Ահա տեսնում եք, ես եմ պատմել «Մուկիկի մահը»:

Ասում եք ես պարտավոր էի վրեն նշանակել «ժողովրդական», որ չեմ արել, դրա համար էլ դուք ինձ [անվանում եք ավերիչ ժանտախտ] հայհոյում եք։

Հիմի տեսեք. [առաջինը] գլխին նշանակել եմ [«ժողովրդական»] ով Դրամբյան. բաց արեք «Հասկեր», 1908 թ. № 3, էջ 99 [վրեն] տպած՝ «Մուկիկի մահը», ժողովրդական»։ [Բայց միևնույն է] Բայց զուր։ Ես ինքս մյուս տարին էդ «Մուկիկի մահը» հանել եմ «Լուսաբերից» ու տեղը դրել «Մի կաթիլ մեղրը»։ Ինչո՞ւ, գիտե՞ք, որովհետև անհաջող էր դուրս եկել։ Ասե՛ք, խնդրեմ, ես ինչ իրավունքով դրա գլխին դնեի «ժողովրդական» կամ «Չարի վերջի» կամ «Չախչախ թագավորի», թեկուզ հաջողած լինեի։ Եթե մի սխալ կա, էդ էն է, որ «ժողովրդական» ենք անվանում, ո՛վ Դրամբյան, մանավանդ երբ «բառիս բուն նշանակությամբ է մշակված», ինչպես դուք եք ասում, ոչ թե էն, որ չենք անվանում, որովհետև իրոք արդեն ժողովրդական չի, ճիշտ էնպես, ինչպես դուք թեև կարող եք մի հայ գյուղից լինել, բայց իրոք այլևս գեղջուկ Դրամբյան չեք, այլ մշակված ու դարձած [նշանավոր] լուրջ կրիտիկոս Դրամբյան։

Բայց ի՜նչ, աստծու ողորմությունը հասել է, որ դուք ծանոթ չեք արևելյան կամ արևմտյան, հունական կամ հելլենական առակախոսներին՝ Եզոպոսին, Գոշին, IIղիմպիանոսին, Լաֆոնտենին, Վարդանին, Կռիլովին և [սրանց նման] կամ հեքիաթախոսներին, թե չէ գիտե՞ք դրանք ի՜նչ ավերիչ ժանտախտներ են, ի՜նչ շանտաժիստներ են, ի՜նչ բանագողեր․ էլ նույն ագռավներն ու նրանց պանիրները նույնությամբ, էլ նույն աղվեսներն ու գայլերը և, լավ միտս ընկավ, նրանց մեջ մի առակ էլ կա՝ «էշն ու սոխակը», [որտեղ], որի մեջ էշը սոխակին սովորեցնում է, թե ինչպես պետք է երգել։ [Ով Դրամբյան, աստված եթե ձեզ բերան է տվել նրա համար հո չի տվել, որ էսպես բաներից խոսեք, այլ նրա համար, որ հաց ուտեք] [Բայց Դրամբյանը պատմում է, խրատում է, թե ինչպես պետք է գրել]