Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/467

Այս էջը հաստատված է

հեղինակի, բնագրի հետ համեմատ<ելով› գերմ<աներենից> թարգմանել է պ․ Ստ․ Մալխասյան1։

Ես էս գործերն եմ առնում՝ առանձին սիրով, քանզի նախ որ Շեքսպիրն իմ շատ սիրած [հեղինակն է] գրողն է, երկրորդ՝ թարգմանիչները քաջ հայագետ են, ու բարեխիղճ մարդիկ, երրորդ, որ նրանց քննության գործը Հրատ<արակչական> ընկերությունը կատարել է առանձին զգուշավորությամբ, ու չորրորդ՝ տպագրությունը արել է առանձին խնամքով։

Իմ լիասիրտ հարգանքը պ. Հովհ. Խան-Մասեհյանին, որ [հայերեն թարգմանել է մեզ համար Շեքսպիրը] անգ<երենից> հայերենի է վերածում Շեքսպիրը, [որ] հայկական աղքատ հողում պատվաստում է, Գյոթեի խոսքերով ասենք, էն հսկայական կաղնին, որի մոտ միանում ու որից բաժանվում են գրականության բոլոր ճյուղերը։ Եվ առանձին հաճույքով պետք է ասեմ, իր գործերը [էնպես] կտորներ ունեն, էնքան կորովի ու թափով, որոնց հետ ռուսական լավագույն թարգմանությունները դժվար թե համեմատվեն։ Ինչ գեղեցիկ է ասած Լաերտի խրատը իր քրոջը՝ Օֆելիային, որ հաստատում է, թե Համլետի սերը [մի] դատարկ բան է, անհաստատ հաճույք, արյան ավյուն, մի քնքուշ մանուշակ նորածին բնության, կանխահաս, բայց վաղանց — [այլև վտանգավոր]․․․

Օֆելիա.
Լոկ այդքա՞ն։
Լաերտ.

Մի կարծիր ավելի․
Զի բնությունն աճելիս չե՛ն աճում միայն
Ընդերքն ու ծավալը մարդկային մարմնի.
Այլ երբ այդ տաճարը ընդարձակվում է,
Ներքին պաշտամունքը հոգու և մտքի
Զարգանում են իր հետ։ [Եվ այլն], և այլն։
Վախեցիր, Օֆելիա, վախեցիր, քույրիկ,
Եվ քեզ պատսպարիր քո սիրույդ ետև՝
Ցանկության վտանգից և նետից ազատ.