մի՞թե գլուխ գալու բան է, և ինչո՞ւ բաժանել լեզուն ժողովրդից:
4. Լեզվի զարգացման օրենքով հետզհետե բառերը, ոճերը ավելի ու ավելի սղվում են, սեղմվում, կարճանում։
5. Լեզվաբանական տեսակետ— aj — ai նե, այլև պարսկ<ական> փափուկ ա, ֆրանս<երեն> գրվում է in, և կարդացվում է ան։
Պարսկ<ական> փափուկ ա֊ն մեզանում արտահայտել են այ-ով էն ժամանակ, երբ յ-ն պահում էր իր հնչյունը, իսկ այժմ, երբ յ֊ն հօի կամ ինի հնչյունն է առել— դուրս է գալի այ— դուրս է գալի, աի։ [ճիշտ էնպես], ինչպես ռուսական ь՝ գրում ենք տոյլկո…
Մի երկու խոսք էլ «էս, էդ, էն» ձևի [համար] վրա։
[Պ<արոն> Մ. Ղազարյանը «Հորիզոնի» <№ 92>֊ում 1 նկատել էր, որ էդ ձևը դժվարացնում է երեխանց ուսումը։ [Էս] Էդ շատ է զարմանալի։ [Ո՞րն է հեշտ՝ էս գրելը, թե այս]։ Նախ, ոչ մի երեխա, ոչ մի հայկական գավառում այս չգիտի]:
Ես էս, էդ, էն, փոխանակ այս, այդ, այն֊ի, որ գործ եմ ածում, առաջինը մի հոգեբանական նուրբ պատճառ ունեմ. երբ [որ] ասում եմ էս մարը, էն օրը, էդ [հիմարը] և այլն, էս շատ ավելի հարազատ լեզու է ինձ համար, անկեղծ ու սրտիս մոտ, իսկ երբ ասում եմ այս մարդը, այն օրը, այդ հիմարը, միևնույնը չի ինձ համար։ Սրա հետ եթե էն էլ [ասենք որ] ի նկատի առնենք, որ ես մեծ մասամբ ժողովրդական նյութեր եմ առնում մշակելու, ավելի ևս հասկանալի կդառնա, թե ինչու էդ ձևն է տիրապետում իմ լեզվի մեջ։
Երկրորդ պատճառը, մի քանի [տասնյակ] հարյուր, կամ վերջապես, մի քանի հազար մարդ, գրող, ուսուցիչ, հոգևորական և այլն, գործ են ածում այս, այդ, այն ձևը, էն էլ մեծ մասամբ միայն գրելու ժամանակը, իսկ միլիոնավոր ժողովուրդը ասում են էս, էդ, էն։ Ինչո՞ւ պետք է դուք անպատճառ դատապարտեք նրա էս, էդ, էնը, և ձեր այս, այդ, այնը սովորեցնեք իբրև նոր լեզու նրա երեխաներին ու իրեն։