Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/48

Այս էջը հաստատված է

«Երիտասարդություն…» ահա մի խաբուսիկ, փայլուն, փքուն բառ ևս, ինչպես «ժողովուրդը», սրան կասեն «անումը կա, ամանումը չկա»։

Ահա թե որտեղ կարելի է փոխ առնել Լերմոնտովի տողերը.

Печально я гляжу на наше поколенье:
Его грядущее—иль пусто, иль темно.
… К добру и злу постыдно равнодушны,
В начале поприща мы вянем без борьбы:
Перед опасностью позорно — малодушны…


Անտարբեր ու սառը դեպի շրջապատող ժողովրդի կյանքի կարիքներն ու չարիքները, զզված, վհատած, հավատացնում են, թե «ոչինչ չի կարելի անել այսպիսի ժողովրդի մեջ»․ ահա թուլամորթ, փոքրոգի մարդկանց հավիտենական երգն ու ապաստարանը։

Այսպես լինելուց հետո, տաք վիճաբանություններով իրլանդական հոմռուլի վճիռն են պահանջում անգլիական պառլամենտում կամ բանվորների խնդիրն են քննում ու պաշտպանում Ֆրանսիայում…։

Ո՜հ, ազնիվ սրտեր…։


Զարմանալի ժողովուրդ ենք մենք։ Հայոց բանաստեղծին ավելի ազդում, վշտացնում է այն, թե ինչու են սև ամպեր կուտակվել Մասիսի ձյունափառ գագաթին―և նա շատ քիչ է նկատում կենդանի հայ գյուղացու ճակատի սև ամպերը։ Հայոց հայրենասերն Արտազը, Տարոնն ավելի է սիրում, քան Արտազում և Տարոնում ապրող ժողովուրդը։ Հայոց հոգևորականը նախնյաց ավանդություններն է քարոզում, նրանց է պաշտոն տանում՝ ապրող ժողովրդի բարոյական կյանքն ու հառաջադիմության պահանջները մոռացած…

Ահա մի քրմական, կույր, կեղծ, անխելք հայրենասիրություն։ Մեր սգավորը, մեռելը թող արած, դագաղի համար է արտասվում։

Այս գավառի երիտասարդությունն էլ, ինչպես ամեն տեղ alа Թիֆլիս, մշակական ու նոր-դարական անունով բաժանված