Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/480

Այս էջը հաստատված է

քաղաքականություն անի նա, ով կարող է խաղալ իր ուժով ու խաղացնել ուրիշներին, իսկ մեր բանը շատ պարզ ու շատ է հասարակ։ Մենք ջարդված, տանջված, ցրված մի ժողովուրդ ենք, մեզ հարկավոր է խաղաղություն, կուլտուրական կյանք և մի պայման, որ մեր ազգային ինքնորոշման դեմ հարվածներ չլինեն։ Ով որ հային կտա էդ պայմանները — տված կլինի ամեն բան։ Այո՛, մեզ գուցե ավելի մեծ վտանգ է սպառնում ռուսական կուլտուրան, բայց դա արդեն ուրիշ բան է. դրա դեմ ո՞վ է բողոքելու, ընդհակառակը, մենք ինքներս ենք սիրով մեր տները բերում Պուշկ<ին>, Լերմ<ոնտով>, Գոգ<ոլ>, Տուրգ<ենև>, Տոլստ<ոյ> և՝ այլն, և այլն, ու հիրավի, նրանցով է, որ ռուսական ոգին նվաճումներ է անելու ու անում է, բայց դրա դեմ մենք խոսք չունենք, ընդհակառակը, էդ ճամփով սիրով կմոտենանք, և նույնիսկ կձուլվենք գուցե, ով իմանա, եթե բարո<յական> — հոգ<եկան> ուժ չունենանք մերը դնելու նրա հետ ու նրա նման։ Մեր բողոքները միայն բռնի, ֆիզիկական ուժով արած ճնշումների դեմ է եղել, որ անշուշտ անմիտ է հենց ռուսական ոգու տիրապետության տեսակետից։

Դուք շարունակ խոսում եք մեր հեղափ<ոխականության> մասին, և այնպես եք խոսում, որ էն տպավորությունն է արել, թե կարծես՝ առաջինը հայ ժողովուրդը ամբողջովին մի հեղափ<ոխական> կազմակերպություն է, երկրորդն էլ, էդ հեղափ<ոխությունը> ազգ<ային> քաղաք<ական> դավադրության բնավորություն ունի։ Միանգամայն անմիտ ու անարդար։ Ամեն ժողովրդի մեջ էլ կան հեղափոխականներ — սոցիալիստի մտքով, և ամենից քիչ հայ ժողովրդի մեջ։ Ես [բնավ էս չեմ ասում] էս ասում եմ իրողությունը ասելու համար։ Եվ էն, իսկական հեղ<ափոխականներն> էլ ոչ այլ ինչ են, եթե ոչ միայն ռուս քաղաքացիներ, որոնք մինչև օրս ոչ մի տեղ անջատական ոչ մի խոսք կամ քայլ չեն արած, գոնե ինչքան հայտնի է մեզ։ Իսկ թե հայերի մեջ Դաշնակցությունը մեծ անուն ու ուժ հանեց հրապարակ, դրա բացատրությունը շատ է պարզվում Տաճկահայաստանի շարժումներով ու կոտորածներով և կովկասյան թուրք-հայկական ընդհարումներով։