Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/481

Այս էջը հաստատված է

Գնումն էլ բնավ Հայերը անջատական միտք չեն ունեցել, այլ կյանքի, գույքի, և ազգային ինքնորոշման ամենատարրական պահանջներ։

էդ ժողովրդին մի ապստամբ տարր ներկայացնելը, մի սոսկալի անարդարություն է իրականության առաջ և մի խոր անգիտություն պատմության առաջ։

Մի բանալի տամ մեր պատմության համար, և կտեսնեք թե ինչ անսասան հիմքերի վրա են էս հարաբերությունները, որ ոմանց թվում են ձեռաց փոխելիք գրություններ։

Քրիստ<ունեություն> ընդունելուց հետո հայ Ժողովուրդը (և վրաց) [միշտ ստիպված] կրոնով ու կուլտուրայով կապվել են արևմուտքի հետ։ (Նրանից առաջ էլ, բայց քրիստ <ոնեությունը> [ավելի] վերջ<նականապես> ամրապնդեց)։ Եվ երեք անգամ նրանք գտել են իրենց երկար խնդրած ապավենն ու ուժը — մի անգամ Հռոմը, մյուս անգամ Բյուզանդիոնը, երրորդը՝ ռուսն է։ Եվ Հռոմն ու Բյուզանդիոնը հաճախ ուժ են տվել էս արևելքում իրենց հարած ժողովուրդներին ու նրանց հետ միասին արյունալի մաքառումներ են մաքառել։ էս ժողովուրդներն էլ միայն [նրանցով] նրանց օրով են կարողացել հանգիստ շունչ քաշել ու մի առժամանակ [պարապել գործով, գիտությունով] շենանալ։ Եվ ամեն անգամ, երբ էդ մեծ հովանավորները հետևել են իրենց հովանուն դիմաց ժողովուրդներին, <որ> ձուլեն իրենց հետ — հասել են շատ տխուր հետևանքների։ Երկուստեք ահագին ուժեր են վատնել, թշնամություն ու քայքայում։ Հերիք է միայն, որ հիշենք բյուզանդական կայսրներից ոմանց համառ ցանկությունը՝ անպատճառ հայերին դարձնել հունադավ, զատիկը կատարել տալ, հաղորդը ընդունել տալ հունական ծեսով և կամ չէ, հալածել հայկական ու վրացական [գրերն] գիրն ու լեզուն։ [Եվ էդ ճամփով նա էլ ուժասպառ արավ, փչացրեց իր բուֆերը արևելքում]։

Չէ, պատմությունը նրա համար է, որ մենք բան սովորենք։ Վերջապես լուսավորությունն, արվեստներն ու գիտությունն էլ նրա համար են, որ մենք ավելի մարդասեր դառնանք, ավելի լայն նայենք մարդկանց ու աշխարհքին։