Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/482

Այս էջը հաստատված է

Արդ, Ռուսաստ<անը>, եթե անցել է Կովկասի շղթան ունի իր պատմ<ական> խոր բացատրությունը ու իրավունքը և ամեն մարդ, որ էդ հասկանում է, [չպեաք է շարունակ] գիտի Կովկասի պատմությունը ու ռուսաց տիրապետությունը, նա էն էլ գիտի, որ դա ամեն մի լրագրական հոդվածով կամ թռուցիկով մերժելու դեպք չի և չափազանց շատ է ամուր։ էդպես է եղել ման<ավանդ> կովկասցիների համար ավելի, քան ռուսների։ Եվ եթե ռուսն ասում է Կովկասից գնանք — ես հասկանում եմ նրան, բայց [եթե հայը] կովկասցին կվախենա երևակայել Կովկասը առանց ռուսների։ էդպես է ներշնչել պատմությունն ու կյանքը։

Եվ ես չգիտեմ, Կովկասը որքան էր հարկավոր ռուսներին, բայց էն լավ գիտեմ, որ ռուսները շատ էին հարկավոր Կովկասին։ Եվ մենք ռուսներից ամենայն իրավունքով շատ ավելի լավ բաներ պետք է սպասենք, քան երբևէ ունեցել ենք։ Լուսավորություն, տնտեսական բարեկեցիկ դրություն, ազգային լայն վերաբերմունք, մարդասիրություն...

Նա պետք է ցույց տա մեծ ժողովրդին վայել վերաբերմունք։ Նրա ամեն մի մարդը պետք է ունենա էդ գիտակցությունն ու զգացմունքը։ Անվայել է նրա թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան ուժին ակնածել փոքրիկ ժողովուրդներից և ձեռնամուխ լինել փակելու նրանց փոքրիկ ու խղճուկ դպրոցները, նրանցից վախենալ, երբ նրանց դեմը կանգնած են հազարավոր բարձր կրթարաններ — համալսարաններ, գիմնազիոններ, սեմինարիաներ ու ամեն տիպի ուսումնարաններ, երբ հեղեղում է մի ահագին գրականություն, և այլն և այլն:

Դա փչացնում է ժողովուրդների լավ հարաբերությունները փչացնում է Ռուսաստանի պատմության էն լավ էջերը, որ ստեղծել են լավագույն ուժերը ռուս ժողովրդի։

Նախնական առաքինություններ են դրանք — ազգային և ցեղական կույր սիրով ու ատելությամբ դեպի օտարները — անվայել ու ամոթաբեր ժամանակակից մարդուն։ Մարդու կարեկց<ությունն> է ավելի ինձ առաջնորդում, իմ զգացմունքին դեպի երևույթները։