Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/485

Այս էջը հաստատված է

հաջող գրվածքի Համար, [դրան էլ խնդրում եմ շատ չնախանձեք. ինչ անենք, ոնց անենք, որ էդ էլ կլինի ու դուք...]

Եվ վերջապես ձեզ ավելի ուրախեցնեմ։ Օրինակ՝ ես, ձեր խոսքով ասեմ, «գրականությամբ հետաքրքրվող եմ»։ Ահա գրում եմ ու [տպագրում] հրատարակում։ [Անցյալները] Ի՞նչ են խոսում հայոց թերթերը, քանի՞սն է խոսել։ Եթե երբևէ մեկը խոսել է, էն էլ գլխավորապես իմ ընկերներից կամ՝ բարեկամներից մինը, ուրիշ ո՞վ է խոսել։ Դուք էլ թերթ ունեք, մի՞թե ձե՞ն եք հանել։ Իմ մանկական գրադարանի հրատարակչուհի [տիկին] իշխ. Մ. Թումանյանը [մի օր] հավաքել է իր հրատարակ<ած> <գրքերի> գրախոսությունները, ցույց տվեց մի օր, և բանից ինչ դուրս <եկավ> . գիտեք, [ո՛վ] հայ քննադատ, գրքույկների մասին խոսել ու գովել էին գրեթե միայն ռուս թերթերը, իսկ հայ թերթերի հազարից մի անգամ, էն էլ կրկնում եմ, էս կամ էն իմ ընկերը։

Մի՛ նախանձեք, պ. Ավ. Տեր֊Հարությունյան, մի՛ նախանձեք։

Դուք էլ [եք քննադատ] կարծեմ «քննադատությամբ եք զբաղվում», և ի՞նչ եք գրել իմ մասին, միայն էն, թե ինչու, են Հովհ. Թումանյանի «Սասունցի Դավիթը» համարում «Շահնամե»։

Ձեզ կարող եմ հավատացնել, որ ոչ ոք էդ տեսակ բան չի ասել։ Վերջապես, ահա, ես ինքս էլ գրում եմ, որ դուք կարդաք — «Սասունցի Դավիթը» ես շատ թեթև եմ գրել, [օգտվելով ժող. նյութից], երեխաների համար, մտածելով երբևէ ավելի ընդարձակ վերցնել ու մշակել, բայց չեմ անում և ձեզ կհավատացնեմ, որ երբեք էլ չեմ անիլ, որովհետև շատ է խեղդում ձեր շունչը։ Դե՛ հանգստացեք պ. Ա. Տեր֊Հարությունյան, ու հանգիստ քնեցեք։ Ձեզ հավատացնում եմ, ես նրա համար չեմ «գրականությամբ հետաքրքրվում», որ մարդկանց մաղձը խառնեմ ու քունները կտրեմ, ընդհակառակը, միանգամայն ընդհակառակը։

Ձեր ցավին ավելացել է և մի նոր հանգամանք, որ ես էս մի քանի օր է «Հորիզոնին» հոդվածներ եմ տալի, և վախեանում