գործերի համար կամ տոնելու նրա «նշանավոր րոպեն...»։
Մի՞թե չեք նկատում, իմ սիրելի բարեկամ, թե ինչ է փչանում այստեղ ոչ թե միայն գրողի համար, այլև ամենքիդ համար։
Խեղճ ու աղքատ... Ի՞նչ կնշանակի խեղճ ու աղքատ։ Նրանք են այդպես, որոնք ապրելու միջոց չունեն, իսկ հայ գրողները, ես ճանաչում եմ գրեթե ամենքին, ապրում են այնպես, ինչպես ապրում են իրենց ընկերները, հարևաններն ու բարեկամները։ [Մի մասը մինչև անգամ լավ են ապրում]։
Ուրիշ բան է, թե այդ ապրուստը խլում է նրանց ուժն ու ժամանակը և շեղում է իրենց ճանապարհից, կտրում է գրական [գործից] զբաղմունքից։ Այո՛, սա դժբախտություն է և՛ գրողների համար, և՛ գրականության համար, և՛ հասարակության։ Պետք է հոգալ, ետ դարձնել նրանց այս կողմնակի ճանապարհներից, ապահովել իրենց ասպարեզում և միանգամ ընդմիշտ կապել իրենց գործի հետ։
Այս միանգամայն ուրիշ խնդիր է։ Հայ ժողովուրդն, իր մտավոր ու նյութական կարողություններով, չի կարողանում վճռել այս խնդիրը ամբողջ գրականության և բոլոր գրողների վերաբերությամբ, և ամեն մի գրողի համար խնդիր է բարձրանում իր «նշանավոր րոպեին»։ Այժմ էլ նույն կարգով հրապարակի վրա դրված է մի [նշանավոր] հայտնի գրողի խնդիրը, համեցեք [վճռեցեք] թող վճռեն։ Թե չէ, եթե այդ ժամանակ էլ վեր կենան, այս կողմից հայհոյելով, այն կողմից հայհոյելով, այն կողմից թշնամանալով, այդ բավական չի դեռ, տաղանդը հարգողն էլ տասը շահի տա ու տասն անգամ իր կարեկցությունը տպի, դրանց վրա հասկացող բարեկամն էլ մյուս կողմից, այո՝, հենց բարեկամավարի, գա խեղճության հառաչանքներով, էլ տեղն ի՞նչ մնաց, էլ ո՞րտեղ մնացին բարձր տաղանդը, հոբելյանական հարգանքն ու «նշանավոր րոպեն», էլ ի՞նչ գրականություն է սա, և ո՞ւմ եք ուզում դրանով ոգևորել։
Ձեր Հովհ. Թումանյան