Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/496

Այս էջը հաստատված է

կեղծավորությունը, իրենց առանձնահատուկ իմաստներով՝ բթամտությունով, սև նախանձով, ստախոսությունով [ու միշտ նրանք ձեզ ընտրել են իրենց անոթ)։

Անվերջ կլինեք դուք, անվերջ կլինի ձեր մաղձոտ խուլ աղաղակը— «Փա՜ռք են վաստակո՜ւմ, գումարներ են դիզո՜ւմ…» («Մշակ» № ), անվերջ կլինեն ձեր անկարող հարվածները «կծու խայթիչ լեզվով» նոր ու նոր գրական մեծություններ թունավորելու համար, միաժամանակ երդվելով, որ դուք նրանց բարեկամներն ու սրտակիցն եք, և անվերջ էլ նրանց զայրույթի շանթերը ձեր բութ ու մութ ճակատների դեմ [որոնք ընտրած են <2 անընթ.> չարություն և կեղծավորություն]։

Հին կռիվ։

Եվ շատ խեղճ հոգիներ կզարմանան, թե ինչպես էս բանաստեղծները խոսում են ու սրանց բերանից երգեր ու մեղեդիներ չեն դուրս հոսում, այլ զայրույթի հուր… Խեղճ մարդիկ․ կարծում են ինչ լեզվով ու ինչ քնքշությա՛մբ բալլադներ ենք գրում, նույն լեզվով ու նույն քնքշությամբ էլ պետք է պատասխանենք իրենց [դրամբյանների ու գազեթների] դրամբյաններին ու իրենց հոգու չարությանն ու կեղծավորությանը։

Սակայն նա նորից եկել է նույն հին տեղը, նորից հարվածելու կծու խայթիչ լեզվով։ Շատ լավ։ Առած կա (դարձյալ Հայկունու գրքից դուրս), թե՝ քոռամուկը (խլուրդը) ինչքան հող փորի, իր գլխին կածի։ [Պետք է ասեմ, որ էս առածն էլ նույնպես Հայկունուց չեմ առել]

Համեցեք, պ. Դրամբյան։

Դարձյալ Դրամբյանը։

Ինչ պետք է անեք, մարդը կրիտիկոս է դարձել ու փորձանքի մեջ է մնացել ինքն էլ, մենք էլ։

Հիմի թե ինքը խոսքի տակի մնա ու խոստովանի, որ սխալվել է, էդ [ինչպես) չի կարելի (մանավանդ որ էդ սխալ չի, այլ ուրիշ բան), իսկ ես էլ իրավունք չունեմ արհամարհելու, պատ<ասխան> չտալու, չէ որ մեր ուսուցիչն է, մեր հայտնի թերթի աշխատակիցն ու քննադատն է,