Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/506

Այս էջը հաստատված է

Բայց ինչ, աստծու ողորմածությունը հասել է, որ [դուք ծանոթ ] «դիպվածով» ձեր ձեռը չեն ընկել արևելյան ու արևմտյան առակախոսները՝ Եզոպոս, Լաֆոնտեն, Կռիլով, Ոլոմպիանոս, Մխիթար Գոշ, Վարդան և այլն, թե չէ գիտեք դրանք ինչ շանտաժիստներ են, ինչ ավերիչ ժանտախտներ են, ինչ բանագողեր են, էլ նույն ագռավներն իրենց պանիրներով, էլ նույն խորամանկ աղվեսներն իրենց թակարդներով ու հիմար գայլերը, ամենքի գրվածքներում և վերջապես [ միշտ] միևնույն էշը, որ սոխակին սովորեցնում է, թե ինչպես պետք է երգել։

Եվ, «լուրջ կրիտիկոս» Դրամբյանը ինձ սովորեցնում է, թե ինչպես պետք է [գրել] ժողովրդական նյութերը մշակել։ [Բայց մարդ եթե ցանկանա էլ չի կարող նրա պես նման բաներ ասել, ավելի լավ է ինքը խոսի։] Հիմի իմացել է, որ Հայկունուց դուրս էլ վարիանտներ կան, բայց մեջքը գետնով չի տալի, էստեղ էլ է բան գտնում ասելու, նա շատ բան կարող է ասել, դուք միայն ականջ դրեք։

Ասում է՝ «Դուք գրում եք «Ծիտը կազմել եմ զանազան տեղերից ու վարիանտներից»: Սակայն գիտե՞ք, որ ժողովրդական նյութեր մշակողները պիտի ընտրեն եղած վարիանտներից միայն մեկը, այն միայն, որ հարազատ է ու զուտ ժողովրդական։ Հո չի կարելի մի քանի վարիանտներ բերել, իրար կցմցել և մի խառնուրդ կազմել ինչպես դուք եք ասում «զանազան տեղերից ու վարիանտներից»։ Այդ դեպքում ժողովրդական քաղցրությունը, համն ու հոտը կանհետանա, ժողովրդի ստեղծագործությունը կայլանդակվի, և, որ գլխավորն է, մենք նրա մեջ չենք գտնի ժողովրդի հոգու պատկերը («Մշակ» № 193)։

Իմանո՞ւմ եք, սա ոնց է մտածում։ Կարծում է, թե եթե մի վարիանտ ընտրեցիր, էդ կլինի զուտ ժողովրդական, էն մնացածները [եղան] սուտ ժողովրդական։ Էլ չի կարելի [նրանցից] մյուսներից էլ օգտվել։ Եվ կարծում է թե մի վարիանտ վերցնես թե չէ ժողովրդականի համն ու հոտը դրանից [կգնա] կանհետանա ու դուրս կգա խառնուրդ։

Ով, աստված, ինչպես ես զգում եմ էս ապուշության ծանրությունը մեր օդի մեջ...