համար։ Պուշկինն ասում է․ «Կրիտիկային կարելի է չպատասխանել երբ զուտ գրական է հարձակումն․.․ Բայց չի կարելի ծուլությունից կամ բարեսրտությունից անպատասխան թողնել անձնական վիրավորանքն ու ամբաստանությունը, որ այժմ, դժբախտաբար, սովորական է դարձած»
([Պուշկին] Пушкин, Критическ. заметки)։
Հիրավի, ես չեմ պատասխանել և այժմ էլ չէի պատասխանի, եթե ոչինչ համարեին իմ էս կամ էն գրվածքը կամ թեկուզ ամբողջովին մերժեին իմ գրական կոչումն ու արժանիքը։ Բայց հայոց «դրամբյաններին» հերիք չի էդքանը և նրանք սովորաբար գնում են էնքան հեռու, ուր հատնում է մարդկային համբերությունը և անհրաժեշտություն է դառնում իմաստունի աստվածային պատկերը. «Մի՛ տար պատասխանի անզգամի ըստ նորա անզգամությանն, զի մի՛ լինիցիս նմանող նմա․ այլ տուր պատասխանի ըստ անզգամութեան նորա, զի մի իմաստնագոյն երևեսցի յանձն իւր»։ ([Սողոմոն] Աստվածաշունչ, Սողոմոն)։
Մի [լինիր] լինի նրա պես անարդար, բայց եղիր անողոք, որ իր տեղն ու չափը ճանաչի։
Եվ ես պատասխանեցի, ինչպես պետք էր պատասխանել նրան։
Բայց գտնվեցին էնպես «առաքինի» ու «բարեպաշտ» մարդիկ, էնպես «քաղաքավարի» ու «ջենտլմեն» հայեր, որ զարմացան ու նեղացան, թե ինչու էր իմ պատասխանն էնքան զայրույթով լիքն ու կոշտ։
Խե՜ղճ մարդիկ, [նրանք] կարծում են ինչ լեզվով բալլադներ ենք գրում, նույն լեզվով ու նույն քնքշությամբ էլ պետք է [պատասխանենք] դուրս գանք չարության ու կեղծավորության դեմ... Այո, չարության ու կեղծավորության դեմ — էնքան խորն ու լուրջ է իմ զայրույթի պատճառը։ (Թե չէ ինչ բան է մի որևէ խեղճ ու կրակ Դրամբյան։ [Եվ նրա փոքրությունն ու տգիտությունը չի իմ զայրույթի պատճառը բնավ] Դրամբյանը չի ցավը, այլ դրամբյանիզմը, նրա արածը չի ինձ զայրացնում, այլ նրա հոգին։ <2 անընթ.> երևույթը։ Հասկանո՞ւմ կամ զգո՞ւմ եք, թե ինչ է ուզում էդ հոգին,– չարախոսել, թունավորել, սպանել․․․