Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/519

Այս էջը հաստատված է



1910

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԻՄ «ԱՆԲԱԽՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐԸ»

ԴԱՐՁԱՎ

АМЕРИКАНСКАЯ

87 թվին ընկա ծանոթների մի շրջան, որոնք իմ լեզուս գտան գռեհիկ և խորհուրդ տվին ձեռք վերցնել էդ վայրենի բարբառից ու գրական լեզու գործ ածել։ ճաշակ տալու [և համոզելու համար] ցույց էին տալիս, կարդում էին մեր հին գրաբար ոտանավորներից։ Ես էլ գրականությունից միանգամայն անտեղյակ ու տգետ մի, գրեթե պատանի, էնքան հավատացի, որ լեզուս փոխեցի, սկսեցի գրել [գրական լեզվով] (Արև ու լուսին, և այլն), և մինչև անգամ գրաբար, թեև չգիտեի։ Ապա թե ձեռս ընկան Հյուսիսափայլի համարները, որ շատ սիրեցի։ Սա հո բոլորովին ծռեց իմ ճամփից սկսեցի շինծու լեզվով խորհրդածություններ անել ազգի վիճակի վրա, գործ ածել գետնաքարշ, գիշերատեսիլ և այլն, և այլն բառեր, որ Նալբանդյանն ու Նազարյանը գործ էին ածում իրենց կռիվների մեջ ու հարձակվել զանազան կողմեր — մարդկանց վրա, [ազգի վրա] հոգևորականության վրա, վերջապես աստծու վրա։

Այնուհետև ընկա մեր ինտելիգենտների շրջանը, ուր իմացա, որ բանաստեղծը պետք է հասարակության ցավերով ապրի, քաղաքացի լինի և այլն— և գրի ահա էս ու էն...

էս տպավորության տակ էլ մի քանի ոտանավորներ շինեցի — միշտ անհաջող։ Եթե էս բոլորին ավելացնենք և շատ ու շատ ուրիշ ձախորդ հանգամանքներ — մարդ կզարմանա, թե հապա ինչպես դուրս եկար էդ բոլորի միջից, այսուամենայնիվ քո պատկերով։ Բայց հասկանալի կդառնա, եթե ավելացնեմ, որ միշտ մի ճշմարիտ, ուղիղ ու հզոր