Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/52

Այս էջը հաստատված է
1896
ԱՐԳԵԼՔՆԵՐ

Մի շատ նշանավոր խնդիր, մի անբուժելի խոց է շոշափում «Մշակի» № 104-ի առաջնորդող հոդվածը– «Արգելքներ կյանքի մեջ»։ Այդ գաղափարի և իրական կյանքի անհաշտությունն է, ծրագիրների և նրանց գործադրության տարբերությունն է, որ մենք ամեն օր տեսնում ենք մեր կյանքում։ Բացատրում են վարչական անկարգության վնասակարությունը, և սակայն հարատևում է այդ անկարգությունը, տգետ քահանաների դեմ են խոսում, և նրանք ևս առավել բազմանում են օրեցօր, դպրոցական կարգ ու կանոն են ցույց տալիս ու դարձյալ քմահաճույքն ու կամայականությանն են տիրում նրանց տեղ, և շարունակ համանման երևույթներ։

Հիրավի, ծանր արգելքներ են։ Սրանք են, որ եռանդ են մաշում, հոգի են հուսաբեկում, սիրտ են մեռցնում և հասարակության զարգացման գործը դանդաղեցնում են, ձգձգում են երկար տարիներով։ Սակայն որքան շատ են ցավեցնում՝ այնքան էլ հեշտ են բացատրվում այս տեսակ երևույթները։ Ընդհանրապես նա, որ գաղափարներ է քարոզում ու ծրագիրներ է մշակում, ոչ գործ ունի ձեռքին, ոչ գործելու իրավունք, իսկ նա, որ գործելու պաշտոն և մտքեր իրագործելու կարողություն ունի, չի ըմբռնում այն գաղափարները, որ կյանքի հառաջադիմությունն են պայմանավորում, չի ընդունում այն ծրագիրները, որ բարեկեցություն են պահանջում։ Գործերի վրա նա իր առանձին հասկացողությունն ու հայացքն ունի, որ առաջնորդում և արդարացնում են իրան։ Եվ դուք տեսնում եք, որ հառաջադիմաթյան այդ խոչ ու խութերը տգիտությունն ու խավարն են հարուցանում, հասկանում եք, որ կյանքի բնական ընթացքն է այդ։