Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/541

Այս էջը հաստատված է

Եվ իր ռազմական փողը, առանց դադար առնելու, հնչեցնում է ամենուրեք։ Խ. Աբովյանն իր հերոս Աղասու բերանով առաջին անգամ ըմբոստացման դրոշակ է պարզում ընդդեմ բռնության և իր «Վերք Հայաստանիով» աշխատում է ըմբոստացնել հայ ժողովուրդը։ Րաֆֆին, որ դեռ վաղուց Աղթամարա ծովակի հետ խոսելիս «Ձայն տուր, ով ծովակ» էր երգում և անվերջ խրոխտ ձայնով կանչում՝ զարթեցրեք հայ քաջերին, միևնույն ժամանակ հեղափոխական վեպեր էր կազմում՝ առաջադրելով ապագա գործունեության ծրագիր։14

Նախորդ շրջանի մեր այդ գրողները հայ երիտասարդությանը դեպի Արաքսի այն կողմն էին հրավիրում, այնտեղ էր նրանց կռիվը։ Ապարդյուն չի անցնում ազատագրման շեփորի ձայնը, ահա շարժվում է Արաքսի այն ափը, Զեյթունն աղմկվում է, և հայ ժողովուրդը էն գլխից ըմբոստացման ուղին բռնում։ Այս հանգամանքը մեր վերջին պատմության ամենալավ էջերից մեկն է կազմում։ Դեռ 50-ական թվականներից Գամառ-Քաթիպան, Րաֆֆին, Նալբանդյանը ազատության կռիվն էին բորբոքում և սրանք ստեղծեցին ժողովրդի մեջ մի տրամադրություն, որը խորը արմատներ գցեց նրա մեջ և վերջում՝ արդեն 90-ական թվականներին, խոսքի շրջանից անցավ գործի շրջանը՝ ըմբոստացումն իրականացավ։

***

Նոր գրականության առաջ գալու հետ միասին առաջ եկավ նաև լեզվի խնդիրը՝ գրաբարի և աշխարհաբարի կռիվը։ Ստ․ Նազարյանն իր «հյուսիսափայլով», Խաչ. Աբովյանն իր «Վերք Հայաստանիով», Սմբ. Շահազիզն իր «Լևոնի վշտով» անխնա կռիվ հայտարարեցին գրաբարի դեմ։

Մեր գրականության երկրորդ շրջանն արդեն Արծրունու և «Մշակի» շրջանն էր (70-ական թվականների շրջանը), որն իր առաջին առաջնորդողն սկսում է «Մենք և դուք» վերնագրով6, առաջ բերելով հին և նոր սերնդի կռիվը։ Ստ. Նազարյանի մի փոքր սահմանափակ կռվին լայն ծավալ