Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/544

Այս էջը հաստատված է

Եթե քսան տարի առաջ վճռեիք էն լեզվի վրա կանգնելու, անշուշտ, սխալ կլինեիք արած։ Էսօր էլ նույն սխալն են անում նրանք, որոնք բողոքում են մեր դեմ լեզվի մեջ նորություններ, նոր ոճեր ու բառեր մտցնելու համար։ Ճշմարիտ է, շատերը դժար են հասկանում էդ նորությունները, բայց ավելի շուտ նրանք պիտի աշխատեն հասկանալ, քան թե գրողը հրաժարվի դրանից։ Ցավալի է, այո՛, բայց էսպես է, և էսպես էլ կգնա, մինչև որ կստեղծվի ու կկազմակերպվի հայոց գրական լեզուն։

***

Մենք չենք կարող «Հասկերը» մասնավորել հատկապես էս կամ էն հասակի մանուկների համար։ Առաջին պատճառը, որ առանց էն էլ հրատարակելով ամեն հասակի մանուկների համար, իսկի չենք ստանում բավարար թվով բաժանորդներ, ուր մնաց սահմանափակվեինք որոշ տարիքի համար, էն ժամանակ սրա քառորդն էլ չէինք ունենալ։ Երկրորդ, մենք չենք կարող գրողներին պատվիրել, թե գրեցեք էսքան կամ էնքան տարեկան երեխի համար։ Ես ինքս գրող եմ, մանկական գրվածքներ գրելիս երբեք չեմ մտածում, թե քանի տարեկանի համար է նա։ Քանի տարեկանն ուզում է թող կարդա, ինչ հասակի համար կլինի, թող նրան տան։ Բոլոր հասակներին հարմար կլինի, ավելի լավ։ Չենք կարող սահմանավորել։

1912
<ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ >

Նախքան նոր անդամագրվել ցանկացողների քվեարկությանն անցնելը, ես կարծում եմ, կարևոր է բացատրել մեր կանոնադրության առաջին կետը, թե ո՞վ կարող է անդամ