Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/55

Այս էջը հաստատված է

եկել է կեղեքելու ծերունու սիրտը իր վերջին շնչին և կատարյալ դարձնել ու անապավեն ընտանիքի թշվառությունը։

Եվ այդպես էլ անում են։

Դրանից հետո նա աղավնու ձևերով անում է իր պատմությունը, հավատացած, որ դատավորն ու Գրիգորն են մեղավոր այդ եղեռնական գործի մեջ, որ ինքը միայն մի անմեղ բան է արել–գրել է։ Նրա խիղճը հանգիստ է, որովհետև (ասում է) «գյուղական ուսուցիչը եթե ուզում է մի քանիսի համակրությունը գրավել (!!), պետք է գրագրի պաշտոն էլ կատարի»։ Իսկ դատավորն ու Գրիգորը ասում են` «մեր գյուղերում այդպես են հաշվում»․․․ Թե վատ բան էր, ինչու վարժապետը գրեց ու ոչինչ էլ չասաց։ Նրանց խիղճն էլ է հանգիստ,—բոլորը հանգիստ են։ Սակայն մի տուն են քանդել երեքը միասին—մեկը վաշխառու, մյուսը դատավոր, երրորդն ուսուցիչ, որ այնքան միամիտ կերպով ընթերցողին ասում է՝ նրանց թշվառության թուղթը «ես գրեցի», և, ետ նայելով դեպի սև տունը, բացականչում է «Թշվառնե՜ր»․․․ Ես համոզված եմ, որ այս բոլորն անցնելուց հետո դատավորն և Գրիգորն էլ մի մի ցավակցական բացականչություն կանեին—«Խե՜ղճ Ալեքսան», կամ սրա նման մի բան, և դրանից հետո եկեք իրարից զանազանեցեք մի գռեհիկ դատավոր, մի վաշխառու, մի վարժապետ։

Ահա արգելքը, որ հուսահատական մտածմունքներ է հարուցանում, որոնք տխուր ձայնով աղաղակում են ձեր սրտից, թե հասարակության կյանքի ու բախտի վրա դեռ երկար է տևելու չարության ու տգիտության բռնությունը, որովհետև գաղափարի մշակն էլ է նրանց կողմը։

«ՀԱՄԼԵՏ», ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ ՇԵՔՍՊԻՐԻ

Անգլիերենից թարգմանեց Հովհաննես խան Մասեհյան։ Հրատարակ․ Թիֆլիսի Հայոց հրատարակչական ընկերության, 1894 թ. Թիֆլիս

Շեքսպիրը դարձել է մի չափ ազգերի զարգացման աստիճանն որոշելու համար։ Եթե մի ժողովուրդ նրան չի թարգմանում,