Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/551

Այս էջը հաստատված է
ԹՈԻՄԱՆՅԱՆԻ ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍԱԿԱՆ ԺԱՈՌԱՆԳՈԻԹՅՈԻՆԸ

Մեծ բանաստեղծը, որի մասին ասել են, թե նույնիսկ իր գլուխգործոցներից շատերը գրել է «ոտքի վրա», «ձեռաց» և հաճախ հնարավորություն չի ունեցել մշակելու, բավական շատ ժամանակ է հատկացրել քննադատական և հրապարակախոսական գործունեության։ Եղել Է ազգային գործիչ և հայոց մեծ որբախնամը, հսկայական ջանքեր Է ներդրել Անդրկովկասի ժողովուրդների մեջ ծագած կոնֆլիկտները խաղաղությամբ լուծելու գործում, հանդես Է եկել որպես հրապարակախոս, լրագրող, Հայ գրողների կովկասյան ընկերության կազմակերպիչ և անընդմեջ նախագահ, վարել Է գրականությանը, արվեստին և հասարակական այլևայլ հարցերին նվիրված տասնյակ ու հարյուրավոր խորհրդակցություններ, նիստեր, երեկոներ, համաժողովներ, գրել բազմաթիվ հոդվածներ համաշխարհային գրականության դասականների, հայ հին, միջնադարյան և նոր գրականության մասին…

Թումանյանը հայ ժողովրդի ազգային իղձերի մեծագույն արտահայտիչն Է։ Տարիներ շարունակ չի եղել ժողովրդի ճակատագրին առնչվող որևէ քիչ թե շատ նշանավոր իրադարձություն, որով զբաղված չլինի բազմազբաղ բանաստեղծը, ընդ որում՝ ոչ թե հարևանցի, այլ հիմնավոր և իրեն հատուկ անմիջականությամբ։ Այս տեսակետից մեծ ընդհանրություն կա նրա գեղարվեստական վաստակի ու քննադատական֊հրապարակախոսական ժառանգության միջև, ընդհանրություն, որ, թերևս, առանձին ուսումնասիրության է արժանի։ Սակայն, թեև բանաստեղծի դուստր Նվարդ Թումանյանը, Թումանյանագետներ Ա. Ինճիկյանը, էդ. Ջրբաշյանը, ինչպես նաև Մ. Մկրյանը, Լ. Հախվերդյանը, էդ. Թոփչյանը, Լ. Կարապետյանը և ուրիշներ, այս կամ այն առիթով անդրադարձել են Թումանյանի գրական-քննադատական և հրապարակախոսական ժառանգությանը, այնուամենայնիվ, մենք դեռևս չունենք դրան նվիրված մանրամասն ուսումնասիրություն։ Բարվոք վիճակում չի եղել նաև այդ ժառանգության հրատարակության գործը։ Դրա պատճառն այն անհանդուրժողականությունն է, որ ստալինիզմի և լճացման տարիներին իշխում էր հասարակական զարգացման, հայ ժողովրդի ազգային-ազատագրական իղձերի, քաղաքական հոսանքների ու կազմակերպությունների և նշանավոր շատ գործիչների գնահատման հարցում։ Այդ պայմաններում Թումանյանի բազմաթիվ հոդվածներ ու ելույթներ՝ տպագրված այնպիսի պարբերականներում, որոնց անուններն անգամ 35 Հովհ. Թումանյան, VI հատոր