Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/554

Այս էջը հաստատված է

Հովնաթանին և Սայաթ-Նովային նվիրված հոդվածները։ Դրանցից–առաջինը, վերնագրված՝ «Նաղաշ Հովնաթանը և նրա, Քուչակ նահապետի՝ ու Սայաթ֊Նովայի սերը» (1911), թեև գրված է որպես գրախոսություն՝ Ա. Չոպանյանի «Նաղաշ Հովնաթան աշուղը և Հովնաթան Հովնաթանյան նկարիչը» գրքի մասին, սակայն, փաստորեն, ուշ միջնադարի քնարերգությունը նորովի գնահատելու համարձակ փորձ է, որ պահպանում է իր թարմությունը նաև մեր օրերում։ Գաղտնիքն այն է, որ այս դեպքում՛ ևս Թումանյանը գրական արժեքները գնահատում է որպես հայ ժողովրդի պատմական ճակատագրի և կյանքի խորհրդանիշներ։ «Հայոց պատմությունը» հոդվածում (1916), որը գրված է Վ. Բրյուսովի «Հայաստանի պատմական շրջանները և հայ բանաստեղծության զարգացումը» դասախոսության առիթով, նա հենց այդպես էլ գրում է. «Եվ ինչո՞ւ չի կարելի՝ Սայաթ−Նովային նկատել որպես հայ ժողովրդի կյանքի և տանջանքի խորհրդանշանը — նրա պատմությունը։ Հանճարի կնիքը ճակատին, քրիստոնեության խաչը ձեռքին, դաշույնը սրտի մեջ»։

Սայաթ֊Նովային դիտելով որպես «հայ ժողովրդի կյանքի և տանջանքի, նրա պատմության խորհրդանշան», Թումանյանը բնութագրում է նաև հայության ազգային խառնվածքը, բնավորությունը, որի մեջ տեսնում է «սիրո հրդեհով բռնված», «հոյակապ սիրահար» Սայաթ֊Նովայի հանճարի՝ լուսավոր կողմերը։

Միաժամանակ «Նաղաշ Հովնաթանը և նրա, Քուչակ Նահապետի ու Սայաթ֊Նովայի սերը», «Երկու մեծ թիֆլիսեցիներ» (1913), «Քուչակ՝ Նահապետի և Սայաթ֊Նովայի ռուսերեն թարգմանությունների առթիվ» (1915), «Գրական նկատողություններ» (1916) և նման հոդվածներն ու ելույթները հայ սայաթնովագիտության առաջին շրջանի կարևոր նշանաձողերն են, որոնք իրավունք են տվել գրականագետ էդ. Ջբաշյանին գրելու. «Եթե Ախվերդյանը Սայաթ֊Նովային հայտնագործեց բառիս ուղղակի իմաստով, մոռացությունից փրկելով նրա երգերը, ապա շուրջ 60 տարի, անց Թումանյանը հայտնագործեց մեծ բանաստեղծի բուն էությունը, առաջին անգամ ցույց տվեց նրա գեղարվեստական մեծությունը, նրա երգերի հիմքը կազմող բարության ու մարդասիրության փիլիսոփայությունը։ Եվ կարելի է ասել, որ Սայաթ֊Նովայի իսկական ժողովրդականությունը, նրա համազգային, համակովկասյան, իսկ ավելի ուշ նաև համաշխարհային ճանաչումն ու փառքը սկսվում են հենց 1910-ական թվականներից, առաջին հերթին Թումանյանի ջանքերի շնորհիվ» (տե՛ս Հայ նոր գրականության պատմություն, հ. V, Երևան, 1979, էջ 337)։

Եթե Սայաթ֊Նովան Թումանյանին գրավել է որպես հայ միջնադարյան քնարերգության վերջին հանճարեղ ներկայացուցիչը, որն իր երգերում ամփոփում է այդ քնարերգության դարավոր զարգացման լավագույն ավանդները, որպես մի քնարերգու, որ «էրվում, վերջանում է ինքը, բայց մնում է արի ու բարի, անչար ու անաչառ, վեհ ու վսեմ, որպես աշխարհքի ու մարդու մեծ բարեկամը» (1913, «Սայաթ֊Նովայի երգերի բնավորությունը»), ապա Աբովյանը նրա համար հայ գրականության և լեզվամտածողության