Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/556

Այս էջը հաստատված է

բանավիճողն է՝ անողոք և անզիջում հակագիտական ու հակաժողովրդական տեսակետների յուրաքանչյուր արտահայտության նկատմամբ։ Նրա բանավիճային հոդվածները, անկախ այն բանից՝ վերաբերում են իր ստեղծագործությանը, թե գրական, հրապարակախոսական և քաղաքական այլևայլ «ոչ անձնական» երևույթների, աչքի են ընկնում փաստական հարստությամբ, նյութի համապարփակ ընդգրկմամբ և իր իրավացիության այնպիսի հավատով, որը հատուկ է միայն մեծ մտածողներին։

Այն բանավիճային հոդվածները, որոնցում խնդրո առարկան Թումանյանի երկերն են, խմբավորվում են մի քանի պրոբլեմների շուրջ, որոնք ամենևին էլ «անձնական» չեն։ Դրանցից առաջինը ժողովրդական բանահյուսության և գեղարվեստական գրականության հարաբերության հարցն է, որ հարևանցի արտահայտվել է ավելի վաղ գրված հոդվածներում, բայց բուռն քննարկման նյութ է դարձել սկսած 1909 թվականից, երբ «Մշակ» թերթի 162-րդ համարում տպագրվեց Ռ. Դրամբյանի «Գրական մեծությունները բանագող» հոդվածը, որտեղ Թումանյանն ու «լուսաբեր» դասագրքի մի քանի այլ հեղինակներ մեղադրվում են Ս. Հայկունու կազմած «Ժողովրդական առակներ» ժողովածուի նյութերը սեփականելու մեջ, ընդ որում՝ հոդվածագիրը փորձում է ապացուցել, թե փոխառությունները բառացի են։

Դրան հետևում է Թումանյանի «Ոչ գրական ոչնչությունները քննադատ» (1909) հոդվածը, որտեղ նա բազմաթիվ օրինակներով ապացուցում է, որ գոյություն չունի բառացի փոխառության ոչ մի փաստ, այնուհետև շարադրում իր հստակ տեսակետը բանահյուսության և գեղարվեստական գրականության փոխհարաբերության մասին։

Իհարկե, ինչպես ուրիշ վիճաբանական հոդվածներում, այս դեպքում ևս որոշակի դեր է խաղացել անձնապես բանաստեղծի վիրավորված լինելը։ Նրա ընդդիմախոսները դեռ մի քանի տարի «Մշակ», «Հովիտ» և այլ պարբերականներում զանազան կեղծանուններով, իսկ երբեմն նաև անստորագիր հոդվածներ են տպագրել նրա խոսքի կոպտության մասին, սակայն այս և «Հայոց դրամբյանիզմն ու ես» հոդվածից, որը տպագրվել է չորս տարի անց՝ 1913 թ., լավ է երևում, որ Թումանյանի վեճը անձնական բնույթ չունի։

Արդեն իր առաջին պատասխանում Թումանյանը գրողի ստեղծագործությունը սահմանազատում է բանահավաքի աշխատանքից, ցույց տալիս, որ բանահավաքի շնորհակալ գործը նպատակ ունի ժողովրդական ստեղծագործությունը ներկայացնել առանց միջամտության, այսպես կոչված «կուսական» կերպարանքով, մինչդեռ գրողի նպատակն ուրիշ է և «աստվածային» ներշնչանքից է կախված՝ նա կհասնի՞ իր նպատակին, թե ոչ։ ժողովրդական հեքիաթների օրինակով նա շարադրում է գրականագիտության առանցքային հարցերից մեկը՝ ժողովրդական մտածողության և գեղարվեստական գրականության հարաբերության խնդիրը։ «Հեքիաթները,— գրում է նա,— գրական մարդիկ չեն հորինում, այլ առնում են ժողովրդականը և պատմում։ Եվ շնորհքը հենց էդ պատմելու մեջ է, որ իմանան ինչը փոխեն,