Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/557

Այս էջը հաստատված է

ինչը դուրս գցեն, ինչը պահեն, ինչ լեզվով, ինչ ոճով և ինչպես պատմեն, որ և գեղեցիկ դուրս գա, և′ ժողովրդականի համն ու հոտը չկորչի»:

Այնուհետև նա բազմաթիվ փաստեր է բերում այն մասին, որ իսկական գրողը, այս կամ այն ժողովրդական նյութը մշակելիս, չի սահմանափակվում մեկ օրինակով, այլ ժողովում է բազմաթիվ, այդ թվում նաև օտար աղբյուրներից քաղված տարբերակներ։

«Հայոց դրամբյանիզմն ու ես» հոդվածում նա հիշեցնում է, որ նույնպիսի մեղադրանքներ են հարուցվել Պուշկինի հասցեին, որոնց դեմ դուրս են եկել ռուս առաջավոր գրողներն ու գրականագետները, մինչդեռ ինքն ստիպված է միայնակ մարտնչել չարության ու տգիտության դեմ։

Այստեղից դյուրին է անցնել գրողի իրավունքի պաշտպանության բազմափեղկ թեմայի մյուս արտահայտություններին՝ «Մեր գրական վարք ու բարքից» (1899), «Գրողի բողոքը» (1902), «Պ. Նիկ. Տեր-Ղևոնդյանը և իմ «Շունն ու Կատուն» (1904), «Թե ինչպես իմ «Անբախտ վաճառականները» դարձավ «американская» (1910), «Բարոյական օրենք» (1911), «Հայ հեղինակի իրավունքը» (1913), «Գրականությանը ազգային պաշտպանություն պետք է լինի» (1916), «Ազգային պաշտպանության խնդիրը և Ղ. Աղայանը» (1916) հոդվածներում։

Նշված հոդվածների առաջին խմբում նա դատապարտում է հայ հեղինակների դեմ հանապազ տեղի ունեցող ոտնձգությունները։ Այսպես՝ «Թե ինչպես իմ «Անբախտ վաճառականները» դարձավ «американская» հոդվածում բերում է հրատարակչական անբարեխղճության օրինակ, «Բարոյական օրենք» հոդվածում զայրույթով արձանագրում է, որ Կ. Պոլսում Ստեփանոս Պալասանյանի «Հայոց պատմությունը» հրատարակվել է առանց հեղինակի անունը հիշատակելու, «Գրողի բողոքը» և «Պ. Նիկ. Տեր-Ղևոնդյանը և իմ «Շունն ու Կատուն» հոդվածներում հանդիմանում է դասագիրք կազմողներին, որոնք սովորություն են արել անվճար օգտագործել գրողների ստեղծագործությունները, այն էլ աղավաղելով ու «սիրունացնելով»։

Երկրորդ խմբի հոդվածներում Թումանյանը հարցն ավելի լայն շրջանակների մեջ է դնում։ «Գրականությանը ազգային պաշտպանություն պետք է լինի» հոդվածում, որի համար առիթ է ծառայել «Книжная летопись» հրատարակության խմբագիր Ա. Թորոպովի տեղեկանքն այն մասին, որ 1915 թվականին հայերն ավելի քիչ են գրքեր հրատարակել, քան հարևան ժողովուրդները, Թումանյանը փորձում է բացատրել դրա պատճառները, որոնց մեջ առաջինը հայկական պետականության բացակայությունն է, ապա և հայ ունևոր խավերի անտարբերությունն ու գրական և մշակութային ընկերությունների անձեռնահասությունը։ Բազմաթիվ փաստեր բերելով՝ աշխարհի շատ ժողովուրդների գրականության, գիտության և մշակույթի զարգացման պատմությունից, նա հանգում է այն եզրակացության, թե գրողի, արվեստագետի, գիտնականի ու մշակութային գործչի ապահովությունը, ուրեմն և գրականության, արվեստների, գիտության ու մշակույթի զարգացումն անհնար է առանց համազգային պաշտպանության։ Ղ. Աղայանի դառը խոսքերն այն մասին, թե «գրականություն ունենալու համար