Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/559

Այս էջը հաստատված է

գանձարանի, որ կոչվում է աշխարհի բազմալեզու գրականություն, և որի անքակտելի մասն է հայ գրականությունն իր սկզբնավորման օրից։

Համաշխարհային գրականության մեծերին նվիրված հոդվածների մեջ առանձնակի նշանակություն ունեն Շեքսպիրի «Համլետի» թարգմանությունների առիթով գրված գրախոսությունները։

Անցյալ դարի 80—90-ական թվականներին «Համլետը» հայերեն հրատարակվել է երեք անգամ՝ 1889 թ. (Թիֆլիս, թրգմ. Սենիքերիմ Արծրունու), 1894 թ. (Թիֆլիս, թրգմ. Հովհաննես Մասեհյանի) և 1899 թ. (Վիեննա, թրգմ. Գարեգին Հ. Բաբազյանի)։ Երեք թարգմանություններն էլ եղել են Թումանյանի ուշադրության կենտրոնում, իսկ վերջին երկուսի մասին նա ընդարձակ գրախոսություններ է տպագրել։ Որքան էլ թարգմանությունը «ապակու տակ դրված վարդ» համարեր, գրախոսությունների մեջ, նա, այնուամենայնիվ, գտնում է, որ դա գեղարվեստական գրականության մասն է, եթե ճիշտ է արտահայտում բնագրի ոգին և հնարավորին չափ համահունչ է այն ժողովրդի հոգևոր մշակույթին և լեզվամտածողությանը, որին ներկայացվում է։ նա այս երկու կարևոր պահանջներից է ելնում և՛ որպես թարգմանիչ, և՛ որպես թարգմանչական արվեստի գիտական տեսության հիմնադիրներից մեկը մեզանում։

Գևորգ Ասատուրը, Թումանյանի մասին գրած հուշերում, նկատի ունենալով անցյալ դարի 90-ական թվականների սկիզբը, գրում է. «Ի միջի այլոց պետք է ասեմ, որ նա այդ ժամանակ անգլերենի դասեր էր վերցնում Թիֆլիսի անգլիական փոխ-հյուպատոս Մուրտագից։ Թե որքան առաջադիմեց նա այդ ասպարեզում, չգիտեմ, բայց գիտեմ, որ նա անգլերեն էր սովորում, որպեսզի կարողանա «Շիլյոնի կալանավորը» անմիջապես բնագրից թարգմանել» (տե՛ս ԹԺՀ, էջ 352)։

Անկասկած վերը հիշատակված երկու կարևոր պահանջների դրդմամբ է բանաստեղծն իր սուղ ժամանակի մի մասը տրամադրել անգլերենին տիրապետելու գործին։ Մյուս կողմից, թեև հուշագիրը նեղացնում է հարցը՝ անգլերենին տիրապետելու նրա ջանքերը բացատրելով միայն Բայրոնի երկը թարգմանելու ցանկությամբ, սակայն այս դեպքում կարևորն այն է, որ, ինչպես ցույց է տալիս մանրակրկիտ ուսումնասիրությունը, անգլերեն սովորելու նրա ճիգերը բացատրվում են նաև Շեքսպիրի «Համլետն» ու մի քանի այլ գործեր («Մակբեթ», «Ռոմեո և Ջուլիետ» և այլն) թարգմանելու ձգտումով։ Այդ են վկայում ինչպես «Համլետի» երկու թարգմանությունների մասին գրախոսությունները, այնպես Էլ «Համլետի» 1894 թ. հայերեն հրատարակության նրա սեփական օրինակը, որի լուսանցքներում նա հարյուրավոր նշումներ է արել՝ հայերեն տեքստը բաղդատելով ռուսերեն վեց թարգմանությունների հետ և իր դիտողությունների ճշտությունն ստուգելով անգլերենի գիտակ Մխիթար Տեր-Անդրեասյանի օգնությամբ (մանրամասն տե՛ս ՈւՀ 4, էջ 166—239)։

Դժվար չէ կռահել, որ այս վիթխարի աշխատանքը չի արված սոսկ մեկ գրախոսություն գրելու համար, մանավանդ, որ տպագրված գրախոսության մեջ դիտողությունների քանակը չի անցնում երեք տասնյակից։